Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ ապրիլի 9-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
Նշենք, որ այս և մյուս նիստերին պատասխանողի ներկայացուցիչներն ամբողջությամբ առարկել են նիստի տեսանկարահանմանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ինչպես նախորդ նիստին պատասխանող կողմը հայտնել էր, ներկայացված հայցադիմումի վերաբերյալ այս նիստին պետք է իրենց առարկություն-դիրքորոշումը ներկայացնեին։ Մինչ այդ, պատասխանողի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հանդես եկավ գործի քննության հետաձգման միջնորդությամբ՝ այն պայմանավորելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակման հանգամանքի հետ։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն գործով ապրիլի 4-ին նշանակել էր դատաքննություն, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ երբ դատարանը կվերադառնա խորհրդակցական սենյակից։
Փաստաբանն ասաց՝ ՍԴ որոշումից կախված իրենց դիրքորոշումը կարող է փոփոխվել և գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ ի հայտ գալ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանն ասաց՝ նշված միջնորդությունը հիմք չէ նիստի հետաձգման համար, քանի որ դեռևս ապացուցման բեռ չի բաշխվել, հայցի հիմքի և առարկայի պարզմանն ուղղված գործողություններ են կատարում, և դա չի խանգարում շարունակելու դատավարական պրոցեսը։
Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը, նիստը շարունակվեց։
Պատասխանողների ներկայացուցիչների կողմից բերված առարկություն-դիրքորոշումը մի քանի մասից էր բաղկացած․
- Դատախազության՝ հայցադիմում ներկայացնելու լիազորության բացակայություն
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու բացառիկ լիազորությունը ոչ մի կերպ չպետք է ներառեր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու լիազորությունը։
«Մենք գտնում ենք, որ նման մեթոդով դատախազությանն արհեստականորեն լիազորություններ են ավելացվում, որոնք չեն բխում Սահմանադրությունից։ Չի կարելի օրենքով պետական շահերի պաշտպանության հայց հոդվածի տակ ավելացնել լիազորություններ և համարել, որ դատախազությունն ունի այդ լիազորությունը»,-նշեց Հովհաննիսյանը։
- ՀՀ-ի՝ այս գործով ներկայացված հայցադիմումով շահագրգիռ անձ չհանդիսանալը
Փաստաբանի պնդմամբ՝ դիրքորոշման համար հիմք է հանդիսացել այն ելակետը, որ այս գործով դատախազության հայցը չի առնչվում պետական շահերին, և հայցադիմումով բերված պահանջները չեն բխում պետության շահերից։
- Օրենքի հետադարձ ուժի կիրառության արգելք
Պատասխանող կողմի պնդմամբ՝ 2020 թվականին ընդունված օրենքը չպետք է առնչվեր ընդունումից առաջ ծագած գործող քաղաքացիաիրավական հարաբերությունների վրա, դրա արդյունքում գեներացված սեփականության իրավունքի դադարեցման հիմք հանդիսանալ։
Նա հետևյալը նշեց․ «Անձը մինչև 2020 թվականը ձեռք է բերել գույք, որի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մեխանիզմներ են նախատեսվել ընդունված օրենքով։ Սա վառ օրինակ է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալուն»։
- Հայցադիմումի՝ իրավական ընթացակարգերի խախտմամբ ներկայացված լինելը
Պատասխանող կողմը վիճարկեց ուսումնասիրություն սկսելու որոշման օրինականությունը, ինչպես նաև դրան ուղղված գործողությունները։
«Հարուցված վարույթի օրենքին չհամապատասխանելու, դրա օրինական չլինելու, ուսումնասիրություն սկսելու նախապայմանների բացակայության պայմաններում դրա արդյունքներն իրենց հերթին չէին կարող հիմք հանդիսանալ դատարան հայցադիմում ներկայացնելու համար»,-ասաց Հովհաննիսյանը՝ պնդելով, որ բավարար հիմք չի եղել, որպեսզի իրավասու մարմինը գործով ուսումնասիրություն կատարեր։
- Պատասխանողին վերագրվող հակաիրավական արարքի և ենթադրաբար ապօրինի գույքի ձեռքբերման միջև պատճառահետևանքային կապի չհիմնավորված լինելը
Հովհաննիսյանն ասաց՝ դատական նիստերի ընթացքում հայցվորը նշել է, որ ենթադրյալ որևէ հանցանքի և գույքի բռնագանձման միջև կապի անհրաժեշտություն չի տեսնում, ու դա վարույթ հարուցելու նախադրյալ չի դիտում։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումից հետևում է, որ այդ կապի չհիմնավորված լինելու պայմաններում հայցը չի կարող բավարարվել։
Միջնորդությամբ նաև վիճարկվեց իրավասու մարմնի կողմից սահմանված ուսումնասիրության ժամկետը, որը նշվել է 1996 թվականը․ «1996 թվականին Միհրան Պողոսյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, վերջինիս վերագրվող ենթադրյալ արարքները տեղի են ունեցել 2008 թվականին»։
Փաստաբան Արամ Օրբելյանը շարունակելով գործընկերոջ խոսքը նշեց՝ առկա չէ Միհրան Պողոսյանի անվամբ 465 միլիոն 627 հազար 637 դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ, հայցադիմումի մեջ նշված 6 միլիարդ դրամի գույքը ընդհանրապես չի կարող բռնագանձման առարկա լինել, քանի որ այն օրինական է և նման ծավալի ապօրինի գույքի փոխանցում տեղի չի ունեցել։
«Միհրան Պողոսյանը մինչև հանրային ծառայության անցնելը շատ վաղ տարիքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որից հետո երբ անցել է պետական ծառայության, ձեռք բերված գույքերը շարունակել են եկամուտներ ապահովել, այդ ընթացքում իր եկամուտներին օրինական են եղել»,-նշեց նա։
Դատախազ Տիգրան Ենոքյանն իր անհամաձայնությունը հայտնեց ներկայացված առարկությունների վերաբերյալ, դրա շրջանակներում հարցեր ուղղեց պատասխանողի ներկայացուցիչներին։
Կողմերը քննարկեցին գործին նոր անձ ներգրավվելու հարցը, դատախազը ասաց՝ պետք է վարույթի նյութերը վերանայի, որից հետո հնարավոր է անհրաժեշտություն լինի այլ անձի ներգրավվելու։
Նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա մայիսի 7-ին։
Մարիամ Շահնազարյան