Գործող և ընտրված գլխավոր դատախազների ընտրության լեգիտիմության աստիճանը՝ ըստ ԱԺ քվեարկության արդյունքների

Այսօր ՀՀ դատախազությունը նշում է դատախազության հիմնադրման 104-ամյակն և դատախազության աշխատակցի օրը: Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում մեր կողմից մշակված, գործող և ընտրված գլխավոր դատախազների ընտրության լեգիտիմության աստիճանը գնահատող համակարգ՝ ըստ Ազգային ժողովի քվեարկության արդյունքների` հետևյալ չափորոշիչների հիման վրա.

ա) պատգամավորների կողմից քվեարկության մասնակցության աստիճանը,

բ) պատգամավորների  կողմ քվեարկության արդյունքները,

գ) պատգամավորների  քվեարկությանը չմասնակցության, դեմ և անվավեր քվեարկության արդյունքները,

դ) խմբակցությունների կողմից քվեարկության մասնակցության աստիճանը:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։

Սահմանված է նաև, որ Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

———————

2016 թվականի սեպտեմբերի 15-ին 5-րդ գումարման Ազգային ժողովը Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Արթուր Դավթյանին։

  • Քվեարկությանը մասնկացել են պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 79.2 տոկոսը` 103-ը,
  • «Կողմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 74.6 տոկոսը` 97-ը,
  • «Դեմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 2.3 տոկոսը` 3-ը,
  • «Անվավեր» քվե է ճանաչվել` պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 2.3 տոկոսը` 3-ը,
  • Քվեարկությանը չեն մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 20.7 տոկոսը` 27-ը։

5-րդ գումարման Ազգային ժողովում ներառված են եղել․

  • «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը (69 պատգամավոր),
  • «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը (37 պատգամավոր),
  • «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը (7 պատգամավոր),
  • «Օրինաց երկիր» խմբակցությունը (6 պատգամավոր),
  • «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը (5 պատգամավոր),
  • «Ժառանգություն» խմբակցությունը (5 պատգամավոր):
  • Դրանցում չընդգրկվեց 2 պատգամավոր:

Այս քաղաքական ուժերից գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը մասնակցել են բոլոր խմբակցությունները։

2022 թվականի հունիսի 29-ին 8-րդ գումարման Ազգային ժողովը Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին։

  • Քվեարկությանը մասնկացել են պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 65.4 տոկոսը` 70-ը,
  • «Կողմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 65.4 տոկոսը` 70-ը,
  • «Դեմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 0 տոկոսը` 0-ը,
  • «Անվավեր» քվե է ճանաչվել` պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 0 տոկոսը` 0-ը,
  • Քվեարկությանը չեն մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 34.6 տոկոսը` 37-ը, այդ թվում ընդդիմադիր։

8-րդ գումարման Ազգային ժողովում ներառված են․

  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը (71 պատգամավոր),
  • «Հայաստան» խմբակցությունը (29 պատգամավոր),
  • «Պատիվ ունեմ» խմբակցությունը (7 պատգամավոր)։

Այս ուժերից գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Այս ամենից կարելի է եզրահանգել, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ընտրության ավելի բարձր լեգիտիմության աստիճան ունի, քան 8-րդ գումարման ԱԺ կողմից ընտրված գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հաշվի առնելով ԱԺ խմբակցությունների և պատգամավորների կողմից քվեարկության մասնակցության աստիճանն ու պատգամավորների  կողմ, դեմ, անվավեր քվեարկության արդյունքները, ինչպես նաև պատգամավորների քվեարկությանը չմասնակցության աստիճանը։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել