Պաշտոնատար անձինք սկսել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) ներկայացնել այլ անձանց կողմից ստացած նվերները, դրանց արժեքը, նվիրատուի տվյալները, նվերի ստացման առիթը։ Նշենք, որ ԿԿՀ-ի նվերների ռեեստրում ներկայացվել է միայն 2024 թվականի սեպտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնատար անձանց ստացած նվերների ցանկը։
Iravaban.net-ը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից Հանձնաժողով ներկայացրած նվերների վերաբերյալ տվյալները։
Ըստ ԿԿՀ հրապարակած տվյալների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբեր ամսվա համար հետևյալ նվերներն է ներկայացրել։
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ստացել է այս նվերները․
- Աշխատանքի անունը՝ «Քնքշանք և սեր»,
- Կաշվե քանդակ, որը մի կողմից պատկերում է Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցոն, որը խաղաղության, մարդկության և բնության հանդեպ հարգանքի խորհրդանիշն է, իսկ մյուս կողմից՝ աղտոտվածության վտանգված աշխարհի պատկերը։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 37 հազար 978 դրամ։
Պաշտոնական այցով Հայաստան հյուրընկալված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայից ստացել է ճարմանդ՝ 3 զույգ, 925 հարգի արծաթ, քարերով, քարերը՝ սաթ, օնիքս։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 74 հազար 577 դրամ։
ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինից դեկտեմբերի 13-ին Մոսկվայում իր նախագահությամբ տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ստացել է թեյի սպասք «Ձմեռային հեքիաթ»։ Ընդհանուր՝ 20 կտոր, մեկ թեյնիկ, մեկ շաքարաման, 6 թեյի բաժակ, 6 փոքր ափսե, 6 մեծ ափսե։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 650 հազար 328 դրամ։
Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատովիչից դեկտեմբերի 13-ին Մոսկվայում իր նախագահությամբ տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ստացել է «Իչան Կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է՝ պատրաստված արույրից (պղնձի համաձուլվածք ցինկի, երբեմն նաև ուրիշի մետաղների խառնուրդ)։ Այն պատված է 999 հարգի ոսկով և էմալով։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 627 հազար 733 դրամ։
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովից դեկտեմբերի 13-ին Մոսկվայում իր նախագահությամբ տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ստացել է ղրղըզ վարպետների ստեղծած ֆետրե կտավը, որը պատկերում է Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապ վանքի պատկերը։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 80 հազար 185 դրամ։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբեր ամսվա ընթացքում հետևյալ նվերներն է ստացել։
Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից հուշանվեր-ափսե, գրչատուփ-ժամացույց, 2 մետաղադրամ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Տաջիկստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից մետաղադրամների հավաքածու և առանձին մետաղադրամ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Բելառուսի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
ՌԴ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազությունը խորհրդանշող թվով 2 նկարների շարք։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում ՌԴ պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
Ղազախստանի գլխավոր դատախազի կողմից նվեր, ապակյա հուշանվեր-արձանիկ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Ղազախստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության կողմից փայտե զարդատուփ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում քարտուղարության հետ երկկողմ հանդիպում։
Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից փայտե զարդատուփ, հուշանվեր-ափսե, հուշանվեր-վահան, 2 նկար։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Ուզբեկստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից հուշանվեր-ափսե։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում Ղրղզստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպում։
ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության դեսպանությունից թեյնիկի, բաժակների և թեյերի հավաքածու։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 60․000 դրամ։
Նվեր ստանալու հանգամանքը՝
- ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինի երկկողմ հանդիպում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կազմակերպվող ընդունելության ժամանակ Վիլյամ Սարոյան հիմնադրամի ղեկավարից ստացել է Սարոյանի կողմից նկարված գրաֆիկական աշխատանք և նրան նվիրված նամականիշ։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 577 հազար դրամ։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Գլխավոր դատախազությունից Հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ տարեդարձի առթիվ ստացել է «Գնոմոն» տեսակի ժամացույց, արծաթե 925 հարգի, քաշը՝ 7,23 գ․։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 94․000 դրամ։
Նշենք, որ 2025 թվականի հունվար ամսին իր ստացած նվերը ԿԿՀ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակից Արման Սարգսյանը, որն աշխատանքում դրսևորած նախաձեռնողականության համար պարգևատրվել է Կոմիտեի գրառմամբ «Գնոմոն» տեսակի ձեռքի ժամացույցով։
Նվեր ստացողի կողմից նվերի գնահատված արժեքը՝ 171 հազար 997 դրամ։
Հիշեցնենք՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման կարգը ներդրվել է ավելի վաղ։
Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի ստանձնած ռեեստրի ներդրման հետ կապված։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշում է․
«2022 թվականին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվեց նվերների հաշվառման և հանձնման իրավական կարգավորումը, ներառյալ՝ նվերների հաշվառման ռեեստրի ստեղծման իրավական հիմքերը։ Այնուամենայնիվ, օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո երկամյա ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից չի ապահովվել ինստիտուցիոնալ ռեեստրի ներդրումը։ Պարզ էլեկտրոնային աղյուսակի ստեղծումն ու առցանց հարթակում տեղադրումը չի կարող դիտարկվել որպես օրենքով նախատեսված նվերների հաշվառման ռեեստրի պատշաճ իրականացում։
Նախկինում ԿԿՀ-ի հետ մասնագիտական քննարկումների շրջանակում ձևավորվել էր փոխըմբռնում առ այն, որ մշակվելու է պետական տեղեկատվական համակարգ՝ համանման պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգին։ Հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններս ևս ակնկալում էինք նմանատիպ համակարգի ներդրում»։
Հիշեցնենք՝ հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման Հավելված N 3-ը՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը նվերների հաշվառման ձևաթղթում լրացնում է մի շարք տեղեկություններ, այդ թվում նաև՝ նվերի գնի որոշման համար օգտագործված ինտերնետային տիրույթի բաց աղբյուրների կամ գների վերաբերյալ հանրամատչելի տեղեկությունների լուսանկարները կամ նվերի գինը հավաստող այլ փաստաթղթեր։
Ուսումնասիրելով 2024 թ. սեպտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին նշված պաշտոնատար անձանց կողմից Հանձնաժողով ներկայացված նվերների ցանկը՝ Iravaban.net-ը հարցմամբ դիմել է ԿԿՀ՝ պարզելու, թե ինչ մեթոդաբանությամբ են վերոնշյալ պաշտոնատար անձինք գնահատել իրենց ստացած նվերները, տեղեկություն ստանալու նվերների գնի որոշման համար օգտագործված մեթոդների և չափանիշների վերաբերյալ։
Բացի այդ, հարցմամբ փորձել ենք պարզել՝ արդյո՞ք ԿԿՀ-ն իրականացրել է ներկայացված նվերների գնային գնահատման արժանահավատության ստուգում, և եթե այո, ապա ի՞նչ մեթոդներով է այն իրականացվել։
Հատկանշական է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարբեր պետությունների պաշտոնատար անձանց կողմից ստացած բոլոր նվերները, անկախ դրանց տեսակից, գնահատել է միատեսակ՝ 60,000 ՀՀ դրամ արժողությամբ։ Այստեղ առաջ է գալիս մյուս հարցը՝ արդյո՞ք Հանձնաժողովը ձեռնարկել է որևէ միջոց՝ վերահսկելու և ճշգրտելու այդ նվերների իրական արժեքը։
Հիշեցնենք՝ եթե պաշտոնյան պետական միջոցառումների, աշխատանքային այցերի, գործուղումների և այլ արարողակարգերի ժամանակ ստանում է 60 հազար դրամը գերազանցող նվեր, ապա վերջինս պարտավոր է նվերները ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հանձնել համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին, վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին, իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը), վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը, 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է նվերի հանձնումը Պետական գույքի կառավարման կոմիտե։
Մեր հարցմանն ի պատասխան ԿԿՀ-ից հայտնել են, որ վերոգրյալ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 5-րդ գլխի ներքո՝ 20-26-րդ կետերով սահմանված է նվերի արժեքի գնահատումը։
ԿԿՀ-ից բերվել է այն կարգավորումը, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հայտարարագրած նվերների արժեքը գնահատվում է նվերը ստացող անձի կողմից՝ օգտվելով ինտերնետային տիրույթում առկա բաց աղբյուրներում հասանելի տվյալներից, կամ նույն կամ նույնանման ապրանքների կամ ծառայությունների գների վերաբերյալ հանրամատչելի տեղեկություններից։
Ճիշտ է, նվերների արժեքների գնահատումը սահմանվում է այդ ընթացակարգով, սակայն ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե ինտերնետային տարբեր հարթակներից այլ ապրանքների հետ համադրման եղանակով ինչպես կարող է տվյալ նվերի վերջնական արժեքը որոշվել, ու պաշտոնյաներն այդ պարագայում կարող են գնային տարբեր արժեքներով գնահատել ստացած նվերները։
Ընդ որում, գնահատման համար ընտրված մեթոդաբանության վերաբերյալ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան նշել են, որ բաց աղբյուրներից օգտվելու պարագայում գնի որոշման համար համադրվում են առնվազն 2 նմանատիպ աղբյուրներ, կամ օգտագործվում է ապրանքի կամ ծառայության համար արժեք սահմանող առաջնային աղբյուրը։
Հանձնաժողովից նաև հղում են արել որոշման մեկ այլ կարգավորման․ գների որոշման նպատակով նվեր ստացող անձը կարող է օգտվել էլեկտրոնային և առկա առևտրային բոլոր հարթակներից (օրինակ՝ amazon, e-bay, taobao, ozon, wildberries, Հայաստանի Հանրապետության կամ արտերկրում գործող առևտրի կամ ծառայությունների մատուցման այլ հարթակներ)։
Գաղտնիք չէ, որ էլեկտրոնային առևտրային հարթակներում արձանագրվող գնային տատանումները և համադրելի ապրանքների արժեքների բազմազանությունը էապես տարբեր գներ են տալիս և կարող են բարդացնել նվերների օբյեկտիվ գնահատման գործընթացը։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների նպատակը նվերների արժեքի ճշգրիտ որոշումն է, ինչը ներկայիս պայմաններում հնարավոր է ապահովել միայն անկախ փորձագիտական գնահատման միջոցով։ Չունենալով նվերների արժեքի գնահատման միասնական և անխոցելի մեթոդաբանություն և արժանահավատության ստուգման հստակ ընթացակարգեր, այդ գործընթացում ԿԿՀ-ը չի կարող ապահովել նվերների հաշվառման գործընթացի նկատմամբ վերահսկողական լիազորության պատշաճ իրականացումը։ Մասնավորապես, ստացվում է, որ բացակայում են գնահատման միասնական չափորոշիչները, սահմանված չեն գնային տատանումների պարագայում կիրառվող մեթոդաբանական ուղեցույցներ, բավականաչափ հստակեցված չեն արժեքի ստուգման և վերահսկման մեխանիզմները։
Հարցմանն ի պատասխան հայտնեցին՝ պատրաստվում են ներդնել նվերների արժեքի որոշման առանձին համակարգ։
«Ինչ վերաբերում է նվերների արժեքի գնահատման արժանահավատության ստուգմանը, հարկ է նշել, որ Նվերների հաշվառման էլեկտրոնային ռեեստրում, որն արդեն կառուցման փուլում է և գործարկվելու է ընթացիկ տարվա մայիս ամսին, նախատեսվում է ներդնել նվերների արժեքի որոշման ավտոմատացված լուծումներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի ինքնաշխատ եղանակով ներբեռնել ստացված նվերի մոտարկված արժեքը: Նշվածը թույլ կտա ապահովել նաև գնորոշման արժանահավատությունը»,-ասված է պատասխան հաղորդագրության մեջ։
Հարցադրման երկրորդ մասի վերաբերյալ հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից տարբեր պետությունների պաշտոնատար անձանցից ստացված նվերների դեպքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբեր ամսին դիմել է Հանձնաժողով՝ Որոշման 24-րդ կետով սահմանված կարգով աջակցություն ստանալու համար (24. Բոլոր այն դեպքերում, երբ անձի կողմից նվերի արժեքի որոշումը հնարավոր չէ կամ անձը դժվարանում է որոշել նվերի արժեքը, այդ մասին գրավոր կարգով տեղեկացնում է Հանձնաժողովին՝ համապատասխան աջակցություն ստանալու նպատակով։)։
Հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստացված արարողակարգային նվերների արժեքը բաց աղբյուրներում հասանելի տվյալներից կամ հանրամատչելի տեղեկություններից օգտվելու միջոցով որոշելը հնարավոր չէ՝ կապված դրանց՝ շուկայական ապրանք չհանդիսանալու հանգամանքով, առաջարկել է գնահատման համար հիմք ընդունել ՀՀ պետական մարմինների համար պետական բյուջեով ներկայացուցչական ծախսերի շրջանակներում նախատեսվող համանման արարողակարգային նվերների արժեքը:
Այսպիսով, ուսումնասիրելով նվերների գնահատման ներկայիս պրակտիկան և օրենսդրական կարգավորումները՝ պարզ է դառնում, որ առկա է լուրջ խնդիր։ Միևնույն արժեքով՝ 60 հազար դրամով, գնահատված բոլոր նվերները հարցականի տակ են դնում նվերների գնահատման, հաշվառման և հանձնման ինստիտուտի արդյունավետությունը։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը պահանջում է նվերների ողջամիտ շուկայական արժեքի գնահատում (հոդված 29, մաս 7), մինչդեռ Հանձնաժողովի կողմից առաջարկվող պարզեցված մոտեցումը՝ պետական բյուջեի ներկայացուցչական ծախսերի չափով գնահատելը, ըստ էության, շրջանցում է այս պահանջը։ Նման պրակտիկան, ինչպես նաև նվերների իրական արժեքի թերի գնահատումը կարող է դառնալ պարարտ հող՝ թանկարժեք նվերները թաքցնելու և դրանք շրջանառության մեջ պահելու համար։
Հատկանշական է, որ Հանձնաժողովը, խոստանալով մայիսին գործարկել նվերների հաշվառման էլեկտրոնային ռեեստրը, դեռևս չունի հստակ մեթոդաբանություն նվերների արժեքի օբյեկտիվ գնահատման համար։ Միայն էլեկտրոնային համակարգի առկայությունը, առանց արժեքի ճշգրիտ որոշման գործիքակազմի, չի կարող լուծել առկա խնդիրները։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ոչ միայն ապահովել նվերների պատշաճ հաշվառում, այլև մշակել դրանց գնահատման թափանցիկ և հստակ չափանիշներ՝ բացառելով կամայական մեկնաբանությունների հնարավորությունը։
Մարիամ Շահնազարյան