ԱԺ-ն հակասահմանադրական օրենք է ընդունել, որով դատախազությանը Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ է տրամադրել

Ազգային ժողովը մարտի 1-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի արդյունքում «համայնքի շահ»-ը ներառվել է «պետական շահ»-ի մեջ։

Օրենսդրական այս փոփոխության արդյունքում դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը՝ դրանք վերադարձնելով համայնքին:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե նախագիծը դրական ազդեցություն է ունենալու համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի նկատմամբ կատարված ապօրինությունների բացահայտման, դրանք համայնքին վերադարձնելու առումով, սակայն ընդունված օրենքը սահմանափակելու է Սահմանադրությամբ ամրագրված մի շարք նորմեր, որոնք վերաբերվում են դատախազությանը և տեղական ինքնակառավարմանը։

ՀՀ սահմանադրությունը սահմանում է նաև դատախազության լիազորությունների սպառիչ ցանկը։ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է․ «Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան»:

Միևնույն ժամանակ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: Բացի այդ, տեղական ինքնակառավարումն իրականացվում է բացառապես համայնքներում:

Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ «Դատախազության մասին» օրենքում կատարված փոփոխությունները հակասում են Սահմանադրության սահմանած տեղական ինքնակառավարման դրույթներին, քանի որ 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորվի տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծում նշված է․

Բացի այդ, ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ 6-րդ հոդվածի 1-ին մասը`պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վերոհիշյալ սահմանադրական նորմերի համակարգային վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ պետական և տեղական ինքնակառավարման եզրույթներից երկուսն էլ սուվերեն են և դրանցից որևէ մեկը չի կարող ներառվել մյուսի մեջ:

Ամփոփելով, պետք է նշել, որ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով համայնքային շահը ներառվել է պետական շահի մեջ, ինչը տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ու լիազորությունների սահմանափակում է ենթադրում` դատախազությանը Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների տրամադրման միջոցով։

Հետևաբար, ընդունված օրենքը հակասահմանադրական է և ենթակա չէ ստորագրման ՀՀ նախագահի կողմից։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը այն կարող է ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։ ԱԺ-ի ընդունած օրենքը Վահագն Խաչատուրյանը դեռ չի ստորագրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել