Գլխավոր դատախազի տեղակալի «բաց» և «թափանցիկ» մրցույթի ոչ բաց և ոչ թափանցիկ կողմերը

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթը տեղի է ունեցել հունվարի 22-ին։ Բավարարվել են ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հետևյալ անձանց հայտերը`

  1. Էդգար Արսենի Արսենյան,
  2. Գևորգ Արմենի Քոչարյան:

Նշենք, որ այս դեպքում 2 թեկնածուներն էլ դատախազական համակարգից են, Քոչարյանը համակարգում է 2019 թվականի դեկտեմբերից, իսկ Արսենյանը՝ 2015-ից։

Նշված, բաց մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվել են մինչև 2024թ. դեկտեմբերի 25-ը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մրցույթը իրականացվել է Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից, որը ձևավորվել է 2021-ի ապրիլի 26-ին՝ Գլխավոր դատախազի հրամանով։ 

«Դատախազության մասին» օրենքը սահմանում է՝ եթե Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն զբաղեցնում է դատախազի պաշտոն, ապա նա, գլխավոր դատախազի կողմից, խորհրդակցելով դատախազության կոլեգիայի հետ, կարող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ՝ առանց մրցույթի: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է այս ձևով չնշանակվել իր տեղակալին, թափուր հաստիքը որակավորման հանձնաժողովի միջոցով համալրել՝ մրցութային տարբերակով։ Այս դեպքում Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուները (թեկնածուն) ընտրվում են (է) որակավորման հանձնաժողովի կողմից՝ սահմանած կարգով անցկացվող մրցույթի միջոցով՝ գաղտնի քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն 6 ձայնով ընդունված որոշմամբ: Իսկ Գլխավոր դատախազը Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուներից մեկին նշանակում է Գլխավոր դատախազի տեղակալ:

  • Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը․ ինչպիսի՞ պահանջներ են առաջադրված այն համալրելու մասով 

Արդեն 2025 թվականի հունվարի 8-ին և 15-ին հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել։ Էդգար Արսենյանը, որը դիմել է Գլխավոր դատախազի տեղակալի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթին մասնակցելու, նույնպես հանձնաժողովում էր ընդգրկված։ Գլխավոր դատախազի հունվարի 8-ի հրամանով Էդգար Արսենյանին փոխարինել է Արմեն Փանոսյանը, իսկ Վիտալի Կասկոյին փոխարինել է Քրիստոֆեր Լեման։

Այժմ հանձնաժողովը հետևյալ կազմն ունի (նախագահը և ինը անդամները)․

  • Արամ Արամյան – հանձնաժողովի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
  • Արմեն Փանոսյան – հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,
  • Արտակ Հարությունյան – հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,
  • Կարեն Հարությունյան – հանձնաժողովի անդամ, ՀՀ զինվորական դատախազի տեղակալ,
  • Տաթևիկ Սարուխանյան – հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ,
  • Տաթևիկ Սուջյան – հանձնաժողովի անդամ, ԵՊՀ  իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ),
  • Քրիստոֆեր Լեման – Մոլդովայի դատախազների վեթինգի հանձնաժողովի նախագահող,
  • Սոնա Այվազյան – հանձնաժողովի անդամ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթներն անցկացնող հանձնաժողովի անդամ (մեկ տարի ժամկետով),
  • Քրիստինե Գաբուզյան – հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
  • Գնել Մուղնեցյան – հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)։

Ըստ գործող կարգավորումների՝ որակավորման հանձնաժողովը կազմված է ինն անդամից, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում` տասնմեկ անդամից

Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Գլխավոր դատախազի կողմից նշանակվող Գլխավոր դատախազի մեկ տեղակալ, 4 դատախազ և 4 իրավաբան-գիտնական, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում` նաև 2 փորձագետ, որոնց նշանակում է Գլխավոր դատախազը: Փորձագետները պետք է ունենան ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն:

Հանձնաժողովում առկա իրավաբան-գիտնականի թափուր տեղը այդպես էլ չի համալրվել։

Այսպիսով՝ 4 դատախազներն են Արմեն Փանոսյանը, Արտակ Հարությունյանը, Կարեն Հարությունյանը, Տաթևիկ Սարուխանյանը, 3 իրավաբան գիտականներն են Քրիստինե Գաբուզյանը, Գնել Մուղնեցյանը և Տաթիկ Սուջյանը։ 2 փորձագետներին էլ՝ Քրիստոֆեր Լեմանին և Սոնա Այվազյանին նշանակել է Գլխավոր դատախազը։ Հանձնաժողովում որպես իրավաբան-գիտնական ընտրված Քրիստինե Գաբուզյանը նաև Գլխավոր դատախազի խորհրդականն է։

Ստացվում է, որ հանձնաժողովի մեծ մասը բաղկացած է անձանցից, ովքեր նախկինում կամ ներկայումս կապված են դատախազության հետ, դա կարող է հարցեր առաջացնել հանձնաժողովի օբյեկտիվության և անկախության առումով։ Նման կազմը հաճախ ընկալվում է որպես փակ շրջանակ, որտեղ որոշումները կարող են հիմնվել անձնական կապերի կամ կառույցի ներսում գոյություն ունեցող համոզմունքների վրա, այլ ոչ թե օբյեկտիվ չափանիշների։

  • Շահերի բախման ենթադրյալ իրավիճակ է ստեղծվել

Որակավորման հանձնաժողովի անդամ է եղել նաև թեկնածուներից Էդգար Արսենյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Գլխավոր դատախազի հունվարի 8-ի հրամանով հանձնաժողովում նրան փոխարինել է Արմեն Փանոսյանը։

Սա հաշվի առնելով, անկախ դիտորդի մոտ կարող է կասկած առաջանալ, որ 2 թեկնածուները ի սկզբանե հավասար դիրքերում են եղել։ 

Որակավորման հանձնաժողովի անկախությունը կարևորագույն նախադրյալ է արդարադատության և դատախազական համակարգի արդյունավետության ապահովման համար: Դրանում պետք է ներգրավված լինեն մարդիկ, որոնք կկարողանան անաչառ գնահատական տալ թեկնածուներին՝ հաշվի չառնելով նրանց հետ ունեցած գործընկերային հարաբերությունները, ինչն անհնար է թվում գործող հանձնաժողովի և Գլխավոր դատախազի տեղակալի մրցույթի անցկացման դեպքում։

Բացի այդ, Iravaban.net-ը հարցմամբ դիմել էր նաև Գլխավոր դատախազությանը ու խնդրել հայտնել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող հանձնաժողովի կազմում ներառված երկու փորձագետի ընտրության բաց մրցույթի վերաբերյալ ՀՀ դատախազության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության հղումը, դիմած թեկնածուների թիվը, թեկնածուների ընտրության վերաբերյալ ամփոփիչ փաստաթուղթը: 

Խնդրել էինք մեզ տրամադրել որակավորման հանձնաժողովի անդամներից 2-ի ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները: 

Հանձնաժողովի վերաբերյալ հարցերից դատախազությունը պատասխանել է միայն դրա ստեղծման ժամանակահատվածի վերաբերյալ հարցին ու դրանով սահմանափակվել։ Փորձագետներից մեկն այևս ընդգրկված չէ հանձնաժողովում, սակայն Սոնա Այվազյանը դեռ հանձնաժողովի կազմում է։

Դատախազությունը մեր հարցմանն ի պատասխան որևէ տվյալ, տրված հարցադրումների մասով, չի տրամադրել, պատասխանում անգամ չանդրադառնալով դրանց։ Մասնավորապես, Սոնա Այվազյանի մասով դատախազությունը չի տրամադրել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր, որ նա ունի՝

  1. կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն, կամ
  2. գիտական աշխատանք է իրականացրել ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում առնվազն երեք տարի, կամ
  3. պրակտիկ աշխատանք է իրականացրել ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում առնվազն երեք տարի

Նման փաստաթղթերի չտրամադրումը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առաջացնել հիմնավոր և ողջամիտ կասկածներ, որ նա չի համապատասխանում «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված փորձագետի որակավորման պահանջներին:

Բացի այդ, Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում մրցութային եղանակով Գլխավոր դատախազի տեղակալի նշանակումը ձևական է դառնում, երբ նրանց ընտրող անձինք բաց և թափանցիկ ճանապարհով չեն նշանակվել որակավորման հանձնաժողովում։ Այստեղ շատ կարևոր է շեշտել, որ Գլխավոր դատախազը «անկախ» փորձագետներին նշանակում է, այլ ոչ թե ընտրում՝ բաց, թափանցիկ մրցութային եղանակով։ Իսկ փորձագետների՝ Գլխավոր դատախազի կողմից նշանակումը ստեղծում է կախյալության մեխանիզմ, որը կարող է ազդել նրանց քվեարկության վրա։ Նման մեխանիզմը թույլ է տալիս Գլխավոր դատախազին նշանակել «հարմար» «անկախ» փորձագետների։

Բացի այդ, մրցույթը տեղի է ունեցել հունվարի 22-ին, իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դրա արդյունքները պետք է հրապարակվեն մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը։  Սակայն Գլխավոր դատախազությունը մրցույթի արդյունքները հրապարակել է մեկ օր անց՝ հունվարի 23-ին՝ այսպիսով խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը: Ըստ հրապարակված հաղորդագրության՝ «2025 թվականի հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթը: Մրցույթի արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բաց մրցույթի մասնակից Էդգար Արսենի Արսենյանին»:

Հաղորդագրությունից երևում է, որ հունվարի 22-ին կայացած մրցույթից հետո դատախազությունը պարզապես հայտնել է հաղթող թեկնածուի Էդգար Արսենյանի անունը, այլ ոչ թե հրապարակել մրցույթի ամբողջական արդյունքները: Ավելին, «Դատախազության մասին» օրենքի պահանջով արդյունքները պետք է հրապարակվեին նույն օրը, ինչը չի արվել: Հատկանշական է նաև այն, որ հաղորդագրությունը նաև ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ հանձնաժողովի մրցույթին մասնակից բոլոր անդամները, այդ թվում՝ Գլխավոր դատախազի կողմից նշանակված փորձագետ Սոնա Այվազյանը, միահամուռ քվեարկել են Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուի օգտին: Սա խիստ հակասում է միջազգային չափանիշներին, ըստ որոնց պահանջվում է հրապարակել ամբողջական տվյալներ՝ ներառյալ յուրաքանչյուր թեկնածուի ստացած ձայները, քվեարկության մասնակիցների թիվը և որոշման հիմնավորումները:

Մտահոգիչ է նաև, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայով պարտավորվել է ապահովել հանրային կառավարման թափանցիկությունը, իսկ ԳՐԵԿՈ-ն շարունակաբար շեշտում է դատախազական համակարգի հաշվետվողականության կարևորությունը:

Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Գլխավոր դատախազի տեղակալի «բաց» և «թափանցիկ» մրցույթը դառնում է ձևական՝ անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնելով հիմնավոր և ողջամիտ կասկածներ, որ որոշումները կայացվում են փակ դռների հետևում, իսկ արդյունքները պարզապես «հաստատվում» են նախապես ընտրված թեկնածուի օգտին:

Այսպիսով, չնայած Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթը հայտարարվել էր որպես բաց և թափանցիկ, սակայն գործընթացում արձանագրված խախտումները՝ օրենքով սահմանված ժամկետների չպահպանումը, քվեարկության արդյունքների ոչ ամբողջական հրապարակումը, հանձնաժողովի անդամների որակավորումը հաստատող փաստաթղթերի չտրամադրումը, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ և հիմնավոր կասկածներ առաջացնել, որ մրցույթի հայտարարված թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կրել են զուտ ձևական, շղարշային բնույթ: Հատկանշական է, որ հաղթող է ճանաչվել այն թեկնածուն, ով, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, մինչ մրցույթը եղել է որակավորման հանձնաժողովի անդամ:

Նման ձևական մոտեցումներից խուսափելու և իրական թափանցիկություն ապահովելու համար անհրաժեշտ է հետագայում անվերապահորեն ապահովել քվեարկության արդյունքների ամբողջական հրապարակումը, հանձնաժողովի անդամների որակավորումների թափանցիկությունը և խստագույնս պահպանել օրենքով սահմանված ժամկետներն ու ընթացակարգերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել