Թուրքիայում ընդդիմությունը ծաղրում է Էրդողանին՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը արձագանքելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Սա այն կետն է, որտեղ ապաշնորհ վարչակազմը ղեկավարեց Թուրքիան: Բայդենը հայտարարեց (Ցեղասպանության ճանաչման մասին), որից հետո Էրդողանը երեք օր լռեց: Ինչ-որ մեկը սպասում էր, որ Էրդողանը առյուծի պես կմռնչա և բոլորը կլսեն նրան: Բայց մոռացեք առյուծին, նա խոսեց կատվի նման: Ցավոք, բայց սա փաստ է», – ասել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև:

Նա նաև հիշել է, որ Բայդենից առաջ ԱՄՆ ոչ մի նախագահ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չէր որակել:

«Ինչու է դա պատահել հիմա: Նա իր ներքին քաղաքականության շրջանակներում անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում: Բայդենի վրա բարկանալն իմաստ չունի, ավելի լավ է ինքներդ ձեզ նայեք», – ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդը՝ մեղադրելով Էրդողանին բացակայող արտաքին քաղաքականություն վարելու մեջ։

«1915-ի իրադարձությունները ցավոտ են, և անհրաժեշտության դեպքում դրանք պետք է ուսումնասիրվեն: Այս խնդիրը պետք է կատարեն պատմաբանները: Թուրքիան հայտարարեց, որ միշտ պատրաստ է դրան: Թող Հայաստանը բացի իր արխիվները: Թող պատմաբաններն ուսումնասիրեն իրական փաստաթղթեր», – ասել է Քըլըչդարօղլուն:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել