Մոսկվան արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա

Մոսկվան արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ, անմիջականորեն մասնակցել է այդ որոշման կայացմանը: Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ համապատասխան նախաձեռնությամբ հանդես են եկել Հայաստանը և Ադրբեջանը:

«Մինսկի խմբի գործունեության ընթացքում ռուսական համանախագահությունը ջանքեր է գործադրել՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների հաշտեցմանը»,- հավելել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է Մոսկվա-Բաքու լարվածությանը: Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Սեպտեմբերի 3-ին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ողջունել են իրար, սակայն բովանդակային զրույց չեն ունեցել: Պուտինը հայտարարել է՝ երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, սակայն կապերը զարգացնելու շահագրգռվածությունն ամեն ինչ տեղը կգցի:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահն էլ մեղադրել էր ռուսական կողմին AZAL ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռի խոցման, դրան համարժեք արձագանքի բացակայության, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար։

«Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար»,- նշել էր Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել