Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ 2010 թվականի օգոստոսի 30-ին Վահե Թադևոսյանն ու Անի Տեր-Գրիգորյանը օրինական կարգով ամուսնացել են և նրանց ամուսնությունը գրանցվել է Ֆրանսիայի Հանրապետության Փարիզի քաղաքապետարանում` Փարիզի 12-րդ թաղամասի քաղաքապետի տեղակալ Պենելոպե Կոմիտեսիսի ներկայությամբ և տրվել է թիվ 397 ամուսնության վկայականը:
Հայցվորը հայտնել է դատարանին, որ իր և պատասխանողի համատեղ կյանքն անհնար է, ինչպես նաև ակնհայտ է, որ պատասխանողը հրաժարվում է արտադատարանական կարգով լուծել ամուսնությունը:
Վերոհիշյալ փաստարկմամբ Վահե Թադևոսյանը խնդրել է, առանց հաշտության համար ժամկետ տրամադրելու, դադարեցնել իր և պատասխանող Անի Տեր-Գրիգորյանի ամուսնությունը:
Հետազոտելով և գնահատելով գործի ապացույցները` դատարանը գտնում է, որ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
Գործի քննությամբ պարզվեց, որ Հայստանի Հանրապետության քաղաքացիներ Վահե Թադևոսյանն ու Անի Տեր-Գրիգորյանն ամուսնացել են 2010 թվականի օգոստոսի 30-ին, իսկ Փարիզի 12-րդ թաղամասի քաղաքապետի տեղակալ Պենելոպե Կոմիտեսն օրենքի անունից նրանց հայտարարել է ամուսիններ և տվել է ամուսնության թիվ 397 վկայականը:
Հայցվոր կողմի պնդմամբ` հայցվորն ու պատասխանողը տարբեր խառնվածքի տեր մարդիկ են, իրենց ամբողջ կյանքում չեն կարող իրար հասկանալ, ավելին` ընտանիք կազմել: Նրանք փաստացի համատեղ տնտեսություն չեն վարում, քանի որ պատասխանողը բնակվում է Հայաստանում, իսկ հայցվորը` Ֆրանսիայում:
Հայցվորը, ցանկանալով օրինականացնել փաստական ամուսնալուծությունը, որոշել է դիմել պատասխանողին և քաղաքակիրթ ձևով ամուսնալուծվել: Սակայն նկատի ունենալով, որ պատասխանողն իր վարքագծով խուսափում է ամուսնությունը լուծել արտադատարանական կարգով` հայցվորը որոշել է դատական կարգով լուծել ամուսնությունը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնության լուծումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունները և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
Հայցվորի պնդմամբ` կողմերի միջև ամուսնությունը կնքվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, սակայն այն ամբողջությամբ վավեր է Հայաստանի Հանրապետությունում, քանի որ առկա է ամուսնությունն օրինականացնող վավերացումը` ապոստիլը, և հետևաբար, ամուսնությունը պետք է լուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանցված կարգով:
ՙՕտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին՚ 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն օրինականացումից ազատում է այն փաստաթղթերը, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, և որոնք պետք է ներկայացվեն իր տարածքում:
Հիշյալ կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` սույն կոնվենցիան իրառելի է այն պաշտոնական փաստաթղթերի առնչությամբ, որոնք տրվել են Պայմանավորվող պետություններից մեկի տարածքում և պետք է ներկայացվեն այլ Պայմանավորվող պետության տարածքում:
Սույն Կոնվենցիայի նպատակների համար պաշտոնական փաստաթղթեր են համարվում`
ա) պետության դատարանների կամ տրիբունալների կամ դրանց հետ կապված պաշտոնատար անձանց, ներառյալ դատախազի, դատարանի քարտուղարի կամ դատական կատարածուի կողմից ընդունված փաստաթղթերը,
բ) վարչական փաստաթղթերը,
գ) նոտարական փաստաթղթերը,
դ) մասնավոր կարգավիճակով գործող անձանց կողմից ստորագրված փաստաթղթերի վրա կատարված պաշտոնական հավաստագրերը, ինչպիսին են փաստաթղթի գրանցումը կամ որոշակի ամսաթվին դրա գոյության փաստն արձանագրող պաշտոնական հավաստագրերը, ինչպես նաև ստորագրությունների պաշտոնական և նոտարական հաստատումները:
Տվյալ դեպքում դատարանն արձանագրել է, որ ամուսնության վկայականը հիշյալ Կոնվենցիայի նպատակների համար պաշտոնական փաստաթուղթ չի համարվում, դրա նկատմամբ հիշյալ Կոնվենցիան չի կիրառվում և այն օրինականացումից չի ազատվում:
Անդրադառնալով ՙՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու կարգը հաստատելու մասին՚ ՀՀ արտաքին գործերի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2/763-Ն հրամանին` դատարանն արձանագրում է, որ նշված հրամանը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը Հաագայի կոնվենցիայի մասնակից պետություն ներկայացնելու համար դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման փոխարեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ապոստիլով վավերացմանը:
Ելնելով վերը նշվածից` դատարանը մերժել է հայցը:
Աղբյուրը` Իրավաբան.net