ԲԴԽ-ի դեմ հայցադիմում ներկայացված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Մարտի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Կարինե Պետրոսյանը արդարադատության նախարարությունից ստացել է ծանուցում այն մասին, որ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել իր նկատմամբ:

Դատավորի խոսքով, հաշվի առնելով այն, որ դատավորի կարգապահական վարույթի գաղտնիությունը պահպանելու պարտավորությունը դրված է վարույթ հարուցող մարմնի` տվյալ դեպքում արդարադատության նախարարի վրա, ապա նա իրեն իրավունք է վերապահում հարուցված վարույթի վերաբերյալ որոշ նկատառումներ կատարել:

«Մասնավորապես, ըստ  մարտի 6-ի 67-Ա որոշման, վարույթը հարուցվել է այն փաստի կապակցությամբ, թե իբր ես 150 սնանկության գործ չեմ հանձնել գրասենյակ` Սնանկության դատարան փոխանցելու նպատակով: Նախ ափսոսում եմ, որ արդարադատության նախարարին ներքաշել են իմ և Բարձրագույն դատական խորհուրդ հակամարտության մեջ: Անձամբ ճանաչում եմ Արտակ Զեյնալյանին դատական նիստերին ունեցած նրա մասնակցությամբ և խորը հարգանք ունեմ ինչպես նրա անձի, այնպես էլ գործունեության նկատմամբ: Համոզված եմ, որ վարույթի հարուցման պատճառը եղել է այն խեղաթյուրված տեղեկատվությունը, որը դատական դեպարտամենտը տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարին: Հստակ տեղյակ լինելով այն մասին, որ այդ 150 գործերը ավարտված են, գտնվում են արխիվացման փուլում և Սնանկության դատարանին փոխանցելու ենթակա չեն, դատական դեպարտամենտը ապատեղեկատվություն է տրամադրել ՀՀ արդարադատության նախարարին»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց նա:

Կարինե Պետրոսյանը կարգապահական վարույթի հարուցումը կապում է Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացրած իր դատական հայցերի հետ: Վերջին ներկայացրած հայցը վերաբերում է նրան, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությույանը ոչ միայն խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող զբաղեցնել, այն նաև չի կարող խորհրդի անդամ լինել:

Նա նշեց, որ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ նույնպես կարգապահական վարույթ է հարուցվել՝ նույն հիմքով:

Հիշեցնենք, որ դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գևորգ Դանիելյանի, Սերգեյ Մեղրյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Անի Մխիթարյանի, Սերգեյ Չիչոյանի և Արմեն Խաչատրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին՝ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար միջնորդություն ներկայացնելուն պատասխանողներին պարտավորեցնելու պահանջի մասին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել