Iravaban.net–ը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, խնդրել հարցազրույց կազմակերպել խորհրդի անդամներից որևէ մեկի հետ՝ հետաքրքրող մի շարք հարցերի պատասխանելու համար։ Ի պատասխան ԲԴԽ-ից հայտնել են, որ խորհրդի անդամներն այս պահին ծանրաբեռնված են, իսկ հարցերին կկարողանան պատասխանել նաև գրավոր տարբերակով։
Հարցում ենք ուղարկել, որին պատասխանել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Ղազարյանը։ Հարցերի մի խումբ վերաբերել է գործադիր և օրենսդիր մարմինների ազդեցությանը դատական համակարգի վրա, դատավորների և քաղաքացիների՝ ԲԴԽ-ի նկատմամբ վստահությանը․
- Այսօր գործադիր և օրենսդիր մարմինների ազդեցությունը դատական համակարգի վրա ի՞նչ չափերի է հասնում։
- Ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում Հայաստանում դատարանների վրա գործադիր կամ օրենսդիր իշխանության ազդեցությունը կանխելու/նվազեցնելու համար։
- Ինչպե՞ս եք գնահատում դատավորների՝ ԲԴԽ-ի նկատմամբ վստահության մակարդակը։
- Անընդհատ խոսվում է դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդման մասին։ Ինչպե՞ս է գնահատվում այդ «վստահությունը» Բարձրագույն դատական խորհրդում։
Ի պատասխան առաջին հարցի ԲԴԽ-ից պատասխանել են, որ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է իշխանությունների հավասարակշռման և բաժանման սկզբունքը, ըստ որի՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա․ «․․․Այս սկզբունքի տրամաբանության ներքո է գործում դատական իշխանությունը՝ ի դեմս ԲԴԽ-ի»։
Դատական դեպարտամենտից նաև հայտնել են՝ հստակ սահմանված են դատավորի անկախության մեխանիզմները, որոնք, ըստ անհրաժեշտության, կարող են գործարկվել, եթե որոշակի ազդեցություն լինի ոչ միայն որևէ իշխանության թևի, այլ որևէ անձի կողմից։ Անդրադառնալով դատավորների՝ ԲԴԽ-ի նկատմամբ վստահության մակարդակի վերաբերյալ հարցին, խորհրդից հայտնել են՝ հարցի հասցեատերը դատավորներն են։
«Այնուամենայնիվ, բովանդակային անդրադառնալով հարցին՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ դատավորների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց մանրակրկիտ քննարկման առարկա է դառնում ԲԴԽ-ում՝ լավագույն լուծումները մշակելու և գտնելու համար։․․․Հիմք ընդունելով վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները, կարող ենք վստահաբար արձանագրել, որ ԲԴԽ-ի և դատավորների փոխգործակցությունը բավականին արդյունավետ է և ամբողջությամբ ծառայեցվում է ի շահ դատական համակարգի ինստիտուցիոնալ կայացման և զարգացման»,-նշել են դեպարտամենտից։
Դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը, ըստ պատասխանի, խորհրդի առաջնահերթություններից է։ Նշվել է նաև, որ 2022 թվականի Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանում դատական համակարգի և դատախազության վերաբերյալ հասարակական կարծիքի հետազոտության հաշվետվության համաձայն՝ հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ կազմել է 82 տոկոս։
«․․․Ընդ որում, տվյալ դեպքում հարցվածները եղել են դատարանների հետ անմիջապես շփումներ ունեցող սուբյեկտները։ Միաժամանակ հարկ է արձանագրել, որ օրինակ, Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից վերջին տարիների ընթացքում կատարված հարցումները նման բարձր ցուցանիշ չեն արձանագրել, սակայն այս համատեքստում կարևոր է արձանագրել նաև, որ նույն ինստիտուտը հարցումներն իրականացրել է բնակչության, այլ ոչ թե դատարանների հետ անմիջապես առնչություն ունեցող սուբյեկտների շրջանում»,-նշվում է պատասխանում։
Շարունակելի․․․