Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
- շնորհակալության հայտարարում.
- դրամական պարգևատրում.
- հուշանվերով պարգևատրում.
- պատվոգրով (մեդալով) պարգևատրում.
- լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
- կարգապահական տույժի հանում:
Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենսդրությամբ սահմանված խրախուսման այլ տեսակներ:
Քաղաքացիական ծառայողի նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, որպես խրախուսանք, Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված կարգով կարող է շնորհել բարձրագույն դասային աստիճաններ:
Բարձրագույն դասային աստիճաններն են՝ քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Դասային աստիճաններից բարձրը քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է: