Մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` քննիչն այդ մասին հաղորդում է մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին և որոշում է գործի նյութերի հետ նրանց ծանոթանալու ժամանակը և տեղը:
Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին քննիչը ծանոթանալու համար գործը ներկայացնում է նրանց միջնորդության դեպքում, իսկ մեղադրյալին և պաշտպանին` անկախ միջնորդությունից:
Եթե մեղադրյալի պաշտպանը կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող ներկայանալ նշանակված ժամին, քննիչը ծանոթանալը հետաձգում է մինչև 5 օր ժամկետով: Տվյալ ժամկետում պաշտպանի կամ ներկայացուցչի չներկայանալու դեպքում մեղադրյալին հնարավորություն է ընձեռվում իր համաձայնությամբ կամ նշանակմամբ ունենալու այլ պաշտպան, իսկ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին` այլ ներկայացուցիչ:
Իրազեկման աղբյուր՝ ՀՀ քրեական դատավարության 265-րդ հոդված