Ինչպե՞ս ստանալ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու նպաստ

«Պետական նպաստների մասին» 2013 թականի դեկտեմբերի 12–ին ընդունված ՀՀ օրենքի 32–րդ հոդվածի համաձայն` նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):

Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այդ դիմումը ներկայացվում է անձամբ:

Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (մանկատանը) բնակվող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարին լրանալը կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել