ՀՀ կառավարություն թիվ 453-ն որոշմամբ սահմանվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների (այսուհետ` պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Որոշմամբ սահմանված պարագաները հաշմանդամներին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Լսողական սարքերը տրամադրվում են հաշմանդամներին, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի եզրակացության հիման վրա:
Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրվում են մրցութային կարգով ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրելու մասին պայմանագրեր: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Լսողական սարք ստանալու համար կազմակերպություն է ներկայացվում նաև քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը և պետական հավաստագիրը:
Ընդ որում ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, իսկ Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը` 5 տարի ժամկետով: