Ո՞ր դեպքերում կարող է հետաձգվել մաքսատուրքերի վճարումը Մաքսային միությունում

«Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21–ին Սանկտ Պետերբուրգում ընդունված և 2015 թվականի հունվարի 2–ից` Մաքսային միության լիիրավ անդամ դառնալու կապակցությամբ, Հայաստանի Հանրապետություն համար ուժի մեջ մտած համաձայնագրով մաքսատուրք վճարողին ընձեռվում է մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն, եթե առկա է հետևյալ հիմքերից մեկը՝

1) տարերային աղետի, տեխնոլոգիական աղետի կամ անհաղթահարելի ուժի այլ հանգամանքների հետևանքով անձին վնաս պատճառելու դեպքում,

2) մաքսատուրք վճարողին դաշնային (հանրապետական) բյուջեից ֆինանսավորումը կամ այդ անձի կողմից կատարված պետական պատվերի համար վարձատրությունն ուշացնելու դեպքում,

3) արագ փչացող ապրանքներ ներմուծելու դեպքում,

4) այն միջազգային պայմանագրերի շրջանակներում մատակարարումներ իրականացնելու դեպքում, որոնց կողմերից մեկը Մաքսային միության անդամ պետությունն է, եթե Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չէ, որ սույն հանգամանքը մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու համար հիմք չէ,

5) Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ ներմուծվող օտարերկրյա օդանավերի և դրանց լրամասերի առանձին տեսակների ցանկում ներառված այն ապրանքների ներմուծման դեպքում, որոնց մասով կարող է ընձեռվել մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն,

6) գյուղատնտեսական գործունեություն կամ նշված կազմակերպությունների համար մատակարարումներ իրականացնող կազմակերպությունների կողմից տնկանյութի կամ սերմանյութի, բույսերի պաշտպանության միջոցների, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8424 81, 8433 51, 8433 59 ենթադիրքերում ընդգրկված գյուղատնտեսական տեխնիկայի, կենդանիների կերակրման համար նախատեսված ապրանքների ներմուծման դեպքում՝ բացառությամբ կատուների, շների և դեկորատիվ թռչունների,

7) ապրանքների, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող տարրերի և պահեստամասերի ներմուծման դեպքում` արդյունաբերական վերամշակման ընթացքում դրանք օգտագործելու համար:

Վերոնշյալ 7-րդ ենթակետում նշված ապրանքների ցանկը կարող է սահմանվել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:

Համաձայնագրի նպատակների համար «արդյունաբերական վերամշակում» նշանակում է արտադրության մեջ ապրանքների օգտագործումը նոր ապրանքներ ստանալու համար, որոնց ծածկագիրը, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի համաձայն, ցանկացած առաջին չորս նիշերի մակարդակով տարբերվում է արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող ապրանքների ծածկագրից:
Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունն ընձեռվում է այն ապրանքների համար, որոնք ձևակերպվելու են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:

Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու մասին որոշում չի կայացվում, եթե մաքսային մարմինը տեղեկություններ ունի այն մասին, որ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար դիմած անձինք ունեն մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտք, կամ նշված անձանց նկատմամբ հարուցված է սնանկության վարույթ կամ քրեական գործ՝ հանցագործության հատկանիշներով մաքսային օրենսդրության խախտման դեպքեր հայտնաբերելու համար, ինչպես նաև եթե վճարողը մաքսային մարմին չի ներկայացրել անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը:

Մինչև մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելը մաքսային մարմնի կողմից նմանատիպ տեղեկություններ ստանալու դեպքում, վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու մասին որոշումը չեղյալ է հայտարարվում, որի մասին գրավոր տեղեկացվում է վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ստանալու համար դիմում ներկայացրած անձը:

Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունն ընձեռվում է վեց ամսից ոչ ավելի ժամկետով, իսկ արագ փչացող ապրանքների ներմուծման դեպքում՝ երկու ամսից ոչ ավելի ժամկետով:

Մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար գանձվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաշվարկվող տոկոսագումար այն մաքսատուրքերի գումարների նկատմամբ, որոնց վճարման ժամկետը փոփոխվել է՝ ապրանքների բացթողման օրվան հաջորդող օրվանից մինչև մաքսատուրքերի վճարման մասով պարտավորությունների դադարեցման օրն ընկած ժամանակահատվածի համար:

Տոկոսագումարները պետք է վճարվեն մաքսատուրքերի վճարման մասով պարտավորությունների դադարեցման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ: Տոկոսագումարների վճարումը, գանձումը և վերադարձն իրականացվում է մաքսատուրքերի վճարման, գանձման և վերադարձման նկատմամբ կիրառվող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել