«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 2014 թվականի փոփոխությունների և լրացումների համաձայն`բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս.
3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս.
4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս.
5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
8) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս.
9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:
Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ:
Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի և մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած: