Ինչքա՞ն կտուգանվեք մեքենան առանց պետհամարանիշի վարելու դեպքում

ՀՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն` տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում:

Նշված օրենսգրքի համաձայն` անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:

Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:

Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել