Կառավարությունն այսօր հաստատեց՝ 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը:
Մինչ այդ գործադիրում ընդարձակ քննարկում եղավ: Նախ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ այս հարցը, այսինքն՝ ննջեցյալների գերեզմաններն այցելելու համար հիշատակի օրերն ոչ աշխատանքային սահմանելը, լուրջ քննարկման առարկա է դարձել հասարակության շրջանում. «Այս հարցի վերաբերյալ կան բացառապես տարբեր կարծիքներ, կամ անձիք, ովքեր կողմն են, բայց կան նաև դեմ անձիք, ովքեր համարում են, որ այսօր՝ տնտեսական ներկայիս պայմաններում, մեր երկրին անհրաժեշտ չէ նման աշխատակարգ սահմանել: Հատկապես դեմ են այն անձիք, ովքեր աշխատում են խոշոր ձեռնարկություններում, որոնք առնչվում են միջազգային կառույցների հետ, քանի որ ողջ աշխարհում երկուշաբթի օրերն աշխատանքային են, իսկ շաբաթ օրերը՝ ոչ, իսկ նման պարագայում նրանց աշխատանքը շաբաթ օրը, դառնում է անարդյունավետ»,- շեշտեց պարոն Հարությունյանը:
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ վարչապետն հանձնարարել է, որ Հայ առաքելական եկեղեցու հետ կատարվեն ուսումնասիրություններ, որպեսզի հետագայում գործադիրը կարողանա հիմնավորված որոշումներ կայացնել. «Իսկ հաշվի առնելով, որ նախորդ տարի հիշատակի օրերը համարվում է ոչ աշխատանքային որոշել ենք այս անգամ շարունակել մինչև վերջնական որոշման ընդունումը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Այս առնչությամբ վարչապետը կառավարություն էր հրավիրել նաև եկեղեցու ներկայացուցչին, ով պնդեց այն համոզմունքը, որ հիշատակի օրերը պետք է մնան՝ մարդկանց հնարավորություն տալու այցելել գերեզմաններ՝ ոչ նրանց աշխատանքի հաշվին:
Վարչապետը նաև նշեց, որ հարցով մտահոգված են հատկապես IT ոլորտի մասնագետները, ովքեր կտրուկ դեմ են մեռելոցի հաշվին երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային սահմանելու գաղափարին: Հովիկ Աբրահամյանը նաև ընդգծեց, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն է, իսկ այս միությունում նման երկուշաբթի օրերը մեռելոցի համար ոչ աշխատանքային չեն համարվում: