Մեր հասարակությունում, հատկապես երիտասարդների շրջանակներում շատ քիչ տեղեկացվածություն կա արհմիությունների գործունեությունից:
ՀՀ արհեստակցական միությունների մասին օրենքի hոդված 2 -ի համաձայն` արհեստակցական կազմակերպությունը դա հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:
Նույն օրենքի հոդված 3-ի համաձայն արհեստակցական միությունների գործունեության հիմնական սկզբունքներն են, վերջիններս՝ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպություններից անկախ լինելը, արհեստակցական միություններին մասնակցելու (անդամակցելու) կամավորությունը, արհեստակցական միությունների իրավահավասարությունը և աաշխատողի իրավունքների սահմանափակում թույլ չտալը՝ կապված նրա՝ արհեստակցական միության մասնակից (անդամ) լինելու հանգամանքի հետ:
Տվյալ օրենքի հոդված 15-ում ամրագրված արհեստակցական միության նպատակները վկայում են` աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում դրանց կարևոր դերի և նշանակության մասին: Այդ նպատակներն են ` սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովել աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում, արհեստակցական միության աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը եւ իրավունքները գործատուի եւ (կամ) երրորդ անձի մոտ ներկայացնելը եւ պաշտպանելը, գործատուի հրավերով արտադրական ծրագրերի մշակմանը եւ դրանց կենսագործմանը մասնակցելը, աշխատողների աշխատանքի եւ հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթեւացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի եւ կարգի վերաբերյալ գործատուին առաջարկություններ ներկայացնելը, գործատուի հետ արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգեւատրման եւ խրախուսման հարցերում համագործակցելը և գործատուի ներկայացմամբ աշխատանքային կարգապահության խախտում թույլ տված արհեստակցական միության մասնակցի (անդամի) հարցը քննարկելը: