«Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Երկու բնույթի քրեական գործեր կան, որոնք առավելապես կառուցակարգային պատճառներով ու մասամբ իներցիայի ուժով պատշաճ արհեստավարժ ուշադրությունից, մեղմ ասած, դուրս են մնում. դրանք դատավճիռների վերանայման վերաբերյալ դատապարտյալների դիմումների վարույթներն են և նախկինում կատարված և չբացահայտված ծանր հանցագործություններով հարուցված գործերը:
Ավելորդ չանդրադառնամ դրանց խիստ էական նշանակությանը, ոմանց համար դրանք ճակատագրական են: Անգամ կատարյալ արդարադատության համակարգ ունեցող երկրներում՝ գործերի վերանայմամբ արդարացումները նկատելի շատ են, ինչին նպաստել են արդի գիտատեխնիկական նվաճումները:
Ի՞նչ եմ առաջարկում. գլխավոր դատախազության, քննչական կոմիտեում, ոստիկանության և ազգային անվտանգության համակարգերում ձևավորել հատուկ ստորաբաժանումներ, որոնք հավուր պատշաճի կզբաղվեն բացառապես այդ գործերով, իսկ դրանց կազմում խորհրդականների կարգավիճակով կընդգրկվեն միայն փորձառու և արհեստավարժ կենսաթոշակի անցած մասնագետները:
Գործող օպերատիվ ստորաբաժանումները պարզապես ի վիճակի չեն այսօրվա ծանր գործերին զուգահեռ համարժեք անդրադառնալու նաև տարիներ առաջ հարուցված գործերին, մանավանդ, որ դրանք «ցուցանիշ» չեն երաշխավորում: Առնվազն աններելի է, երբ տասնամյակների ընթացքում հսկայական փորձ կուտակած և դեռևս անվերապահորեն եռանդուն մասնագետներին անհարկի հեռու ենք պահում ներկայումս կուտակված բարդագույն խնդիրների լուծումից ու առաջարկում «դոմինո» խաղալ: Իսկ արդյունքը, վստահ եմ, բեկումնային է լինելու, կմեղվի նաև սերունդների միջև անտեղի ձևավորված հակասությունը:
Ոչ մի քննադատության չի դիմանում նաև մեր երկրում վերը նշված ծառայողների համար ակնհայտ անհիմն ցածր կենսաթոշակի տարիք սահմանելը, ինչի արդյունքում արհեստականորեն մեծանում է թոշակառուների բանակը՝ նվազագույնը դրանից բխող ֆինանսական ծանր հետևանքներով հանդերձ (հավելենք, որ նրանց կենսաթոշակը համեմատաբար և արդարացիորեն բարձր է): Ընդ որում, այդ մարդիկ, միևնույն է, իրենց մեկ այլ տեղ աշխատանք են գտնում, սակայն այլևս չեն կարողանում ապահովել նախկին արդյունավետությունը. օրինակ՝ արդեն խառնվածքով իրական դատախազը չի կարող նվիրված փաստաբան աշխատել: Ոչ մի երկրում այդպիսի կադրերին պարզապես «վաստակած հանգստի չեն ուղարկում»…»: