Ինչո՞ւ է ՃՈ-ն նոր տեսախցիկ տեղադրել Չեխովի դպրոցի հատվածում` Բաղրամյան պողոտայում

Նոյեմբերի 5-ին Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրեց, որ 2014 թ. նոյեմբերի 17-ից Երևան քաղաքում գործարկվելու են նոր տեսախցիկներ: Դրանցից մեկը տեղադրվել է Բաղրամյան պողոտայի վրա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատվածում: Իրավաբան.net-ը հետաքրքրվեց ՃՈ-ից, թե ինչո՞ւ է տեսախցիկը տեղադրվում ոչ թե խաչմերուկում, ինչպես ընդունված է, այլ պողոտայի վրա:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ տվյալ ճանապարհահատվածում իրավախախտումների մեծ քանակություն է արձանագրվել. որոշակի ժամերի ավտոմեքենաները կանգառ և կայանում են կատարում երթևեկելի գոտո երկրորդ շարքում` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը. «Սա լուրջ խոչընդոտ է, և պարալիզացվում է ամբողջ ճանապարհահատվածի երթևեկությունը»,- նշեց պարոն Խաչատրյանը` հավելելով, որ այս նկատառումներից ելնելով` տվյալ հատվածում տեսախցիկ է տեղադրվել:

Ի դեպ, այստեղ կանգառ ու կայանում են կատարում մասնավորապես դպրոցի աշակերտների ծնողները, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը չհերքեց այս փաստը. «Այս խախտումը հիմնականում կապված է դպրոցի ժամերի հետ, առավոտյան և կեսօրին: Ինչ-որ առումով առավոտյան հասկանալի է, սակայն կեսօրին կայանումներ են լինում` 5, 10,15 րոպե տևողությամբ, իսկ այդ ժամանակահատվածը կարող է մի ամբողջ փողոցի երթևեկություն կաթվածահար անել և մնացածի համար բազմաթիվ անհարմարություններ ստեղծել»:

Մեր այն հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի` դպրոցի շրջակայքում խստացնել Ճանապարհային ոստիկանների ծառայությունը, որոնք կնախազգուշացնեն կամ էլ կտուգանեն վարորդներին, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ճանապարհային ոստիկաններն առավոտյան կանգնում են այդ հատվածում, բազմաթիվ անգամ արձանագրություններ են կազմել, զգուշացրել են, բայց հնարավոր չէ մշտապես Ճանապարհային ոստիկան կանգնեցրել այդտեղ»:

DSC_0268 (3)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել