Գործի նյութերին ծանոթանալուց հետո քննիչը մեղադրյալից, պաշտպանից, ինչպես նաև տուժողից, քաղաքացիական հայցվորից, քաղաքացիական պատասխանողից և նրանց ներկայացուցիչներից պարզում է, թե նրանք ունեն արդյոք լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք ներկայացվում են մեկօրյա ժամկետում: Միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որի պատճենը դիմողին է հանձնվում միջնորդություն հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում: Մինչև միջնորդության հարցը լուծելը գործը չի կարող հանձնվել դատախազին:
Այն գործով հարուցված միջնորդությունը բավարարելուց քննիչի հրաժարվելը, որը քննիչը մտադրված է մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, կարող է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու մասին որոշման պատճենը դիմողին հանձնելու պահից 2 օրվա ընթացքում բողոքարկվել դատախազին: Մինչև բողոքի լուծումը գործը չի ուղարկվում դատարան:Հարուցված միջնորդության վերաբերյալ բողոքը դատախազի կողմից մերժելը չի խոչընդոտում դատարանում այդ նույն միջնորդությունը հարուցելուն: