Հարկադիր աճուրդի կազմակերպումը

Հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին համապատասխան: Հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

Հարկադիր աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման նախորդ օրը` ժամը 16.00-ն, հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանում:

Հայտին կից ներկայացվում է հայտով նախատեսված լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով (բացառությամբ երկրորդ և հետագա հարկադիր աճուրդների դեպքերի) համապատասխան փաստաթուղթ` ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար մուծելու մասին:

Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի կանխիկ մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը` երեք բանկային օրվա ընթացքում:

Աճուրդի չկայանալու դեպքում` երեք օրվա ընթացքում, նախավճարը ենթակա է վերադարձման:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդ, որը էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններն են: Այն կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ կատարողական թերթին համապատասխան:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել