ՀՀ Արդարադատության նախարարությունն այսօր արդեն կառավարությանը կներկայացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մասնավորապես օրինագծում ամրագրված է, որ երթևեկության սահմանված արագությունը 1-20 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնելու է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 21-30 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնելու է տուգանքի նշանակում 30.000 դրամի չափով: Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնելու է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելն առաջացնելու է տուգանքի նշանակում 200.000 դրամի չափով:
Նշենք, որ երթևեկության սահմանված արագությունը 1-ից մինչև 50 կմ/ժ գերազանցելու դեպքում վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը:
Նախագծում անփոփոխ է մնացել տրանuպորտային միջոցների երթևեկության հակադիր հոuքերն իրարից բաժանող գծանշումների չկատարելու դեպքում նախատեսված տուգանքը` 10.000 դրամ:
Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն
առաջացնելու է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկինում գործող 3000 դրամի փոխարեն:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք` առաջացնելու է տուգանքի նշանակում 20.000 դրամի չափով` նախկինում գործող 40.000 դրամի փոխարեն:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի), առաջացնելու է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկինում գործող 10.000 դրամի փոխարեն:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ առաջացնելու է տուգանքի նշանակում 15.000 դրամի չափով` նախակինում գործող 20.000 դրամի փոխարեն:
Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի առաջացնելու է տուգանքի նշանակում 7000 դրամի չափով նախկինում գործող 5000 դրամի փոխարեն:
Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնելու է տուգանքի նշանակում 3000 դրամի չափով` նախկինում սահմանված 5000 դրամի փոխարեն:
ՈՒժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով տրանuպորտային միջոցներ վարելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելն առաջացնելու է տուգանքի նշանակում 10.000 դրամի չափով` 15.000 դրամի փոխարեն:
Շեշտակի խստացվելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը: Նախատեսվելու է 20000 դրամ տուգանք` նախկինում սահմանված 5000 դրամի փոխարեն:
Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելն առաջացնելու է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 10. 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 50.000 դրամի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ:
Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված վարչական պատասխանատվության ենթարկված անձը հնարավորություն կստանա բողոքարկման վարույթի ընթացքում ազատվել վարչական պատասխանատվությունից, եթե կատարված վարչական իրավախախտումը ունի նվազ նշանակություն:
Տուգանքի չափի ավելացումը 30 օրվա համար սահմանվել է տուգանքի 25 տոկոսի չափով, իսկ 60 օրվա համար՝ 50 տոկոսի չափով, ինչպես նաև տուգանքի չափի ավելացումը իրականացվելու է միայն տուգանքի փաստացի չվճարված մասի վրա:
Սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափած և տուգանված վարորդը, եթե վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարի նույն իրավախախտումը, ապա նախատեսվում է զրկել նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` մեկ տարի ժամկետով:
Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալն առաջացնելու է տուգանքի նշանակում` 25.000 դրամի չափով` նախկին 20.000 դրամի փոխարեն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 27-ի 303-Ա որոշման հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով: Ըստ Արդարադատության նախարարության` աշխատանքային խմբի կողմից կատարվել են ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության, դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություններ: Եվ հենց ուսումնասիրությունների արդյունքում է աշխատանքային խումբը կազմել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի սեպտեմբերի 1-ից: