Արդյո՞ք դատարանը պետք է քննի դատաքննության ավարտից հետո ներկայացված հայցից հրաժարվելու դիմումը

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ «Եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը»:

Սակայն պրակտիկայում պատահում են դեպքեր, որ հայցվորը հայցից հրաժարվելու դիմում ներկայացնում է դատաքննության ավարտից հետո: Նման քայլի պատճառ կարող է լինել այն, որ գործի քննության ընթացքում հայցվորը գիտակցի, որ իր հայցը ներկայացված է սխալ հիմնավորումներով և դատապարտված է մերժման, իսկ հայցից հրաժարվելու դեպքում հետագայում կարելի է ներկայացնել նոր հայց:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հնարավորություն վերսկսել գործի քննությունը, եթե դատարանը անհրաժեշտ է համարում լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը: Գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է որոշում:

Այսպիսի կարգավորման պարագայում գործի քննության վերադառնալով՝ դատարանը հնարավորություն է ստեղծում հայցվորի համար հրաժարվելու հայցից օրենքով սահմանված կարգով…

Այսպես. դատարանը ստացել է դիմում, որի վերաբերյալ պետք է կայացնի որոշում (անկախ որոշման ձևից՝ արձանագրային, առանձին ակտի ձևով թե հարցին կանդրադառնա վճռով): Կարո՞ղ է արդյոք դատարանը չվերսկսել գործի քննությունը. կարծում եմ՝ ոչ, քանի որ.
1. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքըսահմանում է, որ գործին մասնակցող անձանց դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները լսելուց հետո,
2. դատարանը ստացել է դիմում, որի վերաբերյալ պետք է կայացնի որոշում (անկախ որոշման ձևից) և չի կարող դատաքննությունն ավարտելուց հետո մինչև վճռի հրապարակումն ընկած ժամանակահատվածում որոշում կայացնել այդ դիմումի վերաբերյալ ( նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը):
Այստեղ խնդիրը օրենսդրական կարգավորման մեջ է. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը չի նշում, թե գործի քննությունը ինչ մասով է վերսկսվում՝ ամբողջությամբ, թե միայն գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու կամ լրացուցիչ հետազոտման կարիք ունեցող ապացույցը հետազոտելու մասով: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ ամրագրել, որ դատարանը դատաքննությունը վերսկսում է միայն վերսկսելու առիթ հանդիսացած հանգամանքը պարզելու համար և այլ դատավարական գործողություններ կատարել չի թույլատրվում: Այս պարագայում՝ դատարանը կքննի միայն ավարտված (և դեռևս չվերսկսված) դատաքննությունից հետո ներկայացված հայցից հրաժարվելու մասին դիմումը, և այն դատաքննության ավարտից հետո ներկայացված լինելու հիմքով մերժվելու դեպքում հայցվորը հնարավորություն չի ունենա կրկին՝ վերսկսված դատաքննության ընթացքում ներկայացնել հայցից հրաժարվելու դիմում:

Արփինե Եղիկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել