Ե՞րբ կարող է պատիժը պայմանականորեն չկիրառվել

Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ մեկից հինգ տարի ժամկետով, իսկ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելիս կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ, բացի գույքի բռնագրավումից:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատարանը դատապարտյալի վրա կարող է դնել որոշակի պարտականություններ՝ չփոխել մշտական բնակության վայրը, բուժման կուրս անցնել ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, վեներական հիվանդությունից կամ թունամոլությունից, նյութական օգնություն ցույց տալ ընտանիքին: Դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ առանց դրա, դատապարտյալի վրա կարող է դնել նաև նրա ուղղմանը նպաստող այլ պարտականություններ կամ փոխարինել դրանք:

Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում չարամտորեն խուսափում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, ինչպես նաև անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հարցը լուծում է դատարանը:

Փորձաշրջանի ընթացքում անձի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը և պատիժ նշանակում ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում նաև նոր անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում, եթե դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել