Ամուսնալուծվել ՔԿԱԳ-ում, թե՞ դատական կարգով

Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում: Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝

ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց:

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ:

Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել