Վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաև քրեական օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ:Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:Արգելանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալը կանչվում են արգելանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով:
Զինծառայողները հարցաքննության են կանչվում զորամասի հրամանատարության միջոցով: