Գնել եք ապրանք, բայց այն չի համապատասխանում ձեր սպասելիքներին․ ի՞նչ իրավունքներ ունի սպառողը

Յուրաքանչյուր գնորդ՝ որպես սպառող, օրենքով պաշտպանված է։ Եթե դուք գնել եք ոչ պարենային ապրանք, որը չի համապատասխանում ձեր սպասելիքներին, կամ եթե ապրանքն ունի թերություններ, ապա դուք կարող եք օգտվել ձեր իրավունքներից և պահանջել փոխարինում կամ վերադարձ։

Պատշաճ որակի ապրանք (առանց թերությունների)

Եթե ապրանքը պարզապես ձեզ հարմար չէ (օրինակ՝ չափով, գույնով, ձևով), դուք իրավունք ունեք այն փոխարինել կամ վերադարձնել վաճառողին․

  • Դա պետք է արվի 14 օրվա ընթացքում այն ստանալուց հետո (եթե վաճառողը չի հայտարարել ավելի երկար ժամկետ)։
  • Ապրանքը պետք է լինի չօգտագործված, պահպանված լինի դրա տեսքը, պիտակները և փաթեթավորումը։
  • Վերադարձի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել գնման փաստաթուղթը (չեկ կամ այլ փաստաթուղթ)։
  • Ապրանքի փոխադրման ծախսերը, որպես կանոն, կրում է գնորդը, եթե կողմերը այլ բան չեն համաձայնել։

Որ դեպքերում չի կարելի վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ապրանքը

Չնայած սպառողն ընդհանուր առմամբ ունի ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու իրավունք, օրենքը սահմանում է որոշ բացառություններ, երբ դա հնարավոր չէ․

  1. Անհատական պատվերներ – եթե ապրանքը պատրաստվել է գնորդի հատուկ պահանջներին համապատասխան կամ անհատականացված է։
  2. Արագ փչացող ապրանքներ –ապրանքներ, որոնք կարճ ժամանակում կարող են փչանալ, քայքայվել կամ կորցնել իրենց որակը։
  3. Հիգիենիկ կամ առողջապահական ապրանքներ – եթե դրանք եղել են փակ փաթեթավորմամբ և գնորդը բացել է փաթեթը
  4. Ապրանքներ, որոնք միախառնվում են – ապրանքներ, որոնք մատակարարված լինելուց հետո այլ ապրանքների հետ անքակտելիորեն խառնվում են և չեն կարող առանձնացվել։
  5. Ձայնագրություններ և ծրագրային ապահովում – եթե դրանք վաճառվել են փակ փաթեթավորմամբ, բայց գնորդը բացել է փաթեթը։
  6. Տպագիր նյութեր – թերթեր, ամսագրեր, գրքեր և նմանատիպ նյութեր մատակարարելու դեպքում։
  7. Աճուրդից կամ բորսայից գնված ապրանքներ։
  8. Թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքումԵթե գնորդը նախապես տվել է իր համաձայնությունը, ապա այդ ապրանքներն արդեն վերադարձի ենթակա չեն։

2 Ոչ պատշաճ որակի ապրանք (թերի ապրանք)

Եթե ապրանքը թերի է կամ չի համապատասխանում պայմանագրին, ապա դուք կարող եք ընտրել հետևյալ տարբերակներից մեկը․

  • Ապրանքի թերությունների անվճար վերացում,
  • Գնի իջեցում,
  • Նման ապրանքով փոխարինում,
  • Այլ ապրանքով փոխարինում՝ գնի վերահաշվարկով,
  • Պայմանագրի լուծում և գումարի վերադարձ։

Կարևոր է իմանալ

  • Թերի ապրանքի որակի ստուգումն իրականացվում է վաճառողի հաշվին, իսկ սպառողը իրավունք ունի մասնակցել այդ գործընթացին։
  • Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ թերությունը առաջացել է ձեր կողմից ապրանքի սխալ օգտագործման հետևանքով, ապա ծախսերը կարող են գանձվել ձեզնից։
  • Մեծածավալ և հինգ կիլոգրամից ավելի քաշով ապրանքի տեղ հասցնելը և դրանք սպառողին վերադարձնելն իրականացվում են վաճառողի հաշվին։

Հիշեք Սպառողի իրավունքները պաշտպանված են օրենքով։ Եթե ձեր պահանջները վաճառողը չի բավարարում, դուք կարող եք դիմել պետական վերահսկող մարմիններին կամ դատարան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել