2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհվեցին հարյուրավոր զինծառայողներ, որոնցից մեկն էլ Գոռ Համբարձումյանն էր։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված տղաների օրինակը տեսնելով՝ Գոռը մինչև վերջին շունչը պայքարել է։
Մայրը պատմում է, որ որդին միշտ հայրենասեր է եղել, իր տարիքից ավելի խելացի ու հասուն է մտածել։ 2020 թվականին փորձել է կամավորագրվել ու մեկնել ռազմաճակատ, բայց տարիքը փոքր է եղել։
Գոռ Համբարձումյանի մայրը՝ Անժելա Չիլինգարյանը, պատմում է, որ բոլորը միշտ շատ սեր են տվել իր ավագ որդուն։ Գոռը ընտրել էր հոգեբանի մասնագիտությունը, և մայրը նշում է, որ դա շատ համապատասխանում էր նրա բնավորությանը։ Եղբոր հետ միասին կլինիկա բացելու նպատակ ունեին։
2021 թվականի մարտի 3-ին Գոռը մեկնել է այդքան սպասված ծառայության։
«Տղաները պատմում են, որ խաղաղության աղավնի էր, երբեք չէր վիճում։ Կապանում էր ծառայում։ Հինգ ամիս անց դիրքեր բարձրացավ։ Ծառայել է հետախուզական վաշտում, շատ են սիրել իրեն այնտեղ։ Պատերազմից հետո, երբ ընկերները մեզ այցելեցին, նշեցին, որ Գոռը զորքի մեջ առանձնացել է իր գեղեցկությամբ, կոկիկությամբ, խելացիությամբ։ Դիրքեր բարձրանալուց հետո ավելի է սիրել ծառայությունը, ինքը շատ էր սիրում Ներքին Հանդի սոսիների պուրակը, միշտ ասում էր՝ դրախտավայր է, պետք է տեսնեք, նման վայր աշխարհում չկա։ Գոռը ծառայության ընթացքում երկու անգամ պարգևատրվել է, եղել է դիրքի ավագ։ Նա միշտ ասել է տղաներին, որ եթե հոգնած լինեն կամ ցանկանան քնել, իրեն տեղեկացնեն, ինքը ամեն ինչ կանի, սուրճ կպատրաստի, կփոխարինի նրանց։ Ասել է՝ խնդրում եմ, մի քնեք, թիկունքում մեր հայրենիքն է։ Շատ հոգատար է եղել տղաների հանդեպ»,- պատմում է մայրը և հորդորում հրամանատարական կազմին՝ մեր տղաներին աչքի լույսի նման պահեք, թող հասնեն իրենց մայրերին։
Մարտական գործողությունների ժամանակ Գոռի շնորհիվ փրկվել է 22 նորակոչիկի կյանք։
«Դիրքերում 9 հոգի անմահացել են։ Գոռը, իր ընկերն ու 22 նորակոչիկ են եղել դիրքերում։ Նա չի թողել, որ այդ տղաները մենակ իջնեն, ինքն այդ տարածքին լավ էր ծանոթ։ Մարտական գործողությունների ժամանակ, երբ հրաման են տվել նահանջել, Գոռը ցույց է տվել տղաներին ճանապարհը, ասել է՝ ես ձեր թիկունքը կպահեմ, իջեք։ Թշնամին մոտեցել է, ասել է, որ դիրքը գրավել են, զենքերը վայր դնեն, բայց Գոռը հրաժարվել է՝ ասել է՝ այստեղ ինձ խփեք, բայց չեմ իջնի»,- պատմում է մայրը։
Հայրը՝ Վարդան Համբարձումյանը, ասում է, որ որդին զոհվել է հրազենային վիրավորումից, իսկ դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ մոտ տարածությունից մի քանի կրակոց է ստացել։ Գոռի ու ևս երկու զինծառայողի դիերը թշնամին տարել է օկուպացված Շուշի։ Բանակցությունների արդյունքում դիերի փոխանակում է եղել։ Հայրը նշում է, որ խոշտանգման հետքեր չեն եղել։
«Փոխանակման ժամանակ ադրբեջանցի հրամանատարը փամփուշտներ է դրել դիերի հետ ու ասել՝ այս տղաները հերոս են, թե ինչպես են կռվել, մենք գիտենք»,- ասում է հայրը։
Դիրքերը իր տունը համարող Գոռի ծնողները նշում են, որ իրենց որդին պետք է արժանի գնահատվի հանուն հայրենիքի մղած պայքարի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։