«Երբ քանդակում ես, էյֆորիայի տակ ես ընկնում, ու այդ պրոցեսը շատ հաճելի, հետք թողող երևույթ է»․ քանդակագործ Արման Համբարձումյան

Արվեստը քանդակագործի համար սկսվում է խաղից, արվեստը ինքնին խաղ է, վստահություն է հայտնում քանդակագործ Արման Համբարձումյանն ու պնդում՝ երբ քանդակում ես, էյֆորիայի տակ ես ընկնում, ու այդ պրոցեսը շատ հաճելի, հետք թողող երևույթ է։

«Այդ խաղից հետո, ամենակարևորը, դու թողնում ես մնայուն արժեք, որ հետհայացք ես գցում ու հասկանում՝ պիտանի գործով զբաղվեցիր։ Ամեն ինչ գալիս է մանկությունից, ինչքան հարուստ ու բազմաբովանդակ կյանք ես ապրած լինում․․․ դա կապված է ճամփորդությունների, տպավորությունների, բազմաշերտ ընթերցանության հետ»,-ասում է քանդակագործը։

Նրա համոզմամբ, որքան հարուստ մանկություն ես ապրել՝ խաղով, երազանքներով, պատկերացումներով լի, այնքան բովանդակ է դառնում քո արվեստը։ Ամեն տեսարան, ամեն մանրուք՝ փայտի հոտից մինչև գիշերային լուսինը, դառնում են նյութ քանդակի համար։

Սկզբում պարզապես խաղում ես ձևերով, նյութերով, մտքերով։ Ու հենց այդ խաղի ընթացքում է ծնվում իրականը։ Հետո գալիս է պահը, երբ կանգնում ես ավարտված քանդակի առաջ, նայում ես ետ ու մտածում՝ ես ինձ թողեցի այս քարի մեջ։

Այդ պահին հասկանում ես՝ սա պարզապես ձև չէ։ Սա մնայուն արժեք է, մի բան, որ քեզանից հետո էլ կմնա, միտք՝ մարմնավորված քարով։ Դա լռելյայն խոսակցություն է ժամանակի հետ։

«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասնմեկերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, բացում է դռներ դեպի մի աշխարհ, որտեղ արվեստը ոչ թե վերջնական արդյունք է, այլ ճանապարհ, խաղ և ինքնաբացահայտում:

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

«Զգացողություն ու միտք իրար զուգահեռ գերիշխում են, ու շատ կարևոր է, որ միասին աշխատեն։ Ինչպես Քոչարն է ասում, լավ վարպետը պետք լինի լավ նկարիչ նաև, և իրար հետ պետք է աշխատեն։

Քանդակագործը չի կարող նկարիչ չլինել, այդ ամենը զգացողության հետ է կապված և հակառակը, այդ զգացողությունը, որ պակասում է, այդ խորությունը չես կարողանում պատկերել»,-նշում է Արման Համբարձումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել