«Մարդուն կենդանուց տարբերում է հենց արվեստը, ստեղծագործելու ընդունակությունը»․ նկարիչ Տիգրան Ասատրյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
02:23
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նկարիչ ծնվում են, դա չես կարող հեշտությամբ սովորել կամ դառնալ, վստահություն է հայտնում նկարիչ Տիգրան Ասատրյանն ու հավելում՝ այն ի վերուստ տրված շնորհ և տաղանդ է, որին պետք է ներսում զարգացնել, մաքրել, կերտել։

Նա հավատում է, որ երբ մարդն ունի շնորհ, ապա իր պարտականությունն է այն չթաղել առօրյայի մեջ, այլ խնամքով բացել, փայփայել, զարգացնել, որովհետև Աստված շնորհը տալիս է, բայց կատարելությունը թողնում է քո ձեռքերին։

«Այնպես չի, որ 3-6 ամիս գնացիր ինչ-որ դասերի ու դու արդեն գիտես նկարել, չէ, ինքը միսիա է, որը դու պետք է կատարես։ Դու, կարծես, զինվոր լինես, որը տանում է իր բեռը, պատրաստվում է դրան, աշխատում է տարիներ շարունակ»,-ընդգծում է արվեստագետը։

Ասում է, որ մարդուն կենդանուց տարբերողը հենց ստեղծելու, ստեղծագործելու, նկարելու կարողությունն է՝ պարգև՝ տրված Աստծո կողմից։ Երբ մարդը ստեղծում է, ինքն անցնում է զուտ գոյությունից դեպի իրական ապրում։ Հենց արվեստն է էդ նուրբ կամուրջը՝ բնազդից դեպի հոգի։

Այս նուրբ սահմանների, գեղեցիկի ընկալման ու հոգու վրա նրբորեն ազդող երանգների ու գույների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի իններորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

«Ես առավոտյան արթնանում եմ, գալիս եմ արվեստանոց, աշխատում եմ և երեկոյան հոգնած գնում տուն․ դա իմ առօրյա աշխատանքն է, որը  շատ սիրում եմ։

Դա այն սովորական, մարդկային երջանկությունն է, որը կուզենայի բոլորի մոտ լիներ, թող բոլորը ապրեն այդ զգացողությունը, հույզերը։

Ես սիրում եմ խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, և այդ նույն զգացողությունով, տրամադրվածությամբ եմ մոտենում, փորձում եմ ամեն անգամ մի նոր բան անել, պատրաստման եղանակը փոխել»,-ասում է Տիգրան Ասատրյանը։

Նա իրեն նկարիչ է զգում ոչ միայն, երբ ներկ է ընտրում, այլև երբ խոհանոցում նոր համ է գտնում։ Տապակի մեջ նոր համեր փորձելն ու նկարչական պալիտրայում գույներ խառնելը իրարից հեռու չեն։ Երկուսն էլ սիրո արդյունք են։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել