Մի շարք անձինք մեղադրվում են վարորդական վկայականի կաշառքի գործով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են մի շարք անձանց կողմից քաղաքացիներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր՝ կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու պատրվակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու վարորդական վկայական ստանալու մտադրության մասին, նրան վստահեցրել է, թե իբր մարզի հաշվառման-քննական բաժնի պաշտոնատար անձի միջոցով կկազմակերպի գործնական քննության հանձնումն ու վկայականի տրամադրումը։ Այդ նպատակով վերջինս քաղաքացուց ստացել է գումար, ինչպես նաև փաստաթղթեր, սակայն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և գործընթացը չի կազմակերպել՝ այն բազմիցս հետաձգելով։

Հետաքննությամբ բացահայտվել են նաև ևս երկու անձի կողմից նմանատիպ գործողություններ. նրանք վստահեցրել են քաղաքացիներին, թե Գյումրիի և Արմավիրի հաշվառման-քննական բաժինների իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն ապօրինի վկայականի տրամադրում, սակայն գումարն իրենց մոտ պահել են՝ առանց գործընթացը կազմակերպելու։

Դեպքերի շրջանակում երեք անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդություն), ևս երեք քաղաքացու՝ նույն օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալու փորձ), իսկ մեկ անձի՝ դրան օժանդակելու համար։

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և գործերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ մեղադրական եզրակացություններով։

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն 

ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական 

ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել