«Նկարիչը պետք է կյանքի անիվի մեջ պտտվի»․ նկարիչ Գայ Ղազանչյան

Նկարիչների ընտանիքում ծնված Գայ Ղազանչյանը հեռու չի գնացել իր արմատներից և շարունակել է նկարչի ուղին։ 

Ասում է՝ չգիտեր՝ նույն կերպ կլինե՞ր, եթե մեկ այլ ընտանիքում ծնված լիներ․ «Կարելի է ասել, որ անկախ ամեն ինչից, միևնույնն է, ես ինձ կգտնեի ինչ-որ ստեղծագործական ոլորտում։ Ինձ համար կարևոր է ոչնչից ինչ-որ բան ստեղծելը»։ 

Նկարչի աշխատանքի յուրաքանչյուր մանրուք պատմում է նրա ներսում ապրող աշխարհի ու նրա՝ արվեստի միջոցով միտքը փոխանցելու անընդհատ ձգտման մասին:

Նկարչի ձեռքերի միջոցով ստացած յուրաքանչյուր ստեղծագործություն մի հիշատակ է, որ ժամանակը չի կարող մոռանալ, մի պատմություն, որ գույնի մեջ է մնում ընդմիշտ:

Գայի ստեղծագործական ուղու, արվեստին սիրահարված լինելու, նկարչական ինքնատիպ տեխնիկայի, ոճի, աշխարհին իր ուրույն աչքերով նայելու, մասնագիտությանը բնորոշ հետաքրքիր թեմաների վերաբերյալ կարող եք գտնել «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի յոթերորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

Գայը աշխարհից ոգեշնչվելով փորձում է ստեղծել իրենը, իրականություն, որում կկարողանա ինքն իր հետ անկեղծ լինել։ Պաթոսախառը խոսքեր ընդհանրապես չի սիրում․ «Ինչ արել եմ մինչ օրս, արել եմ միայն սիրելով, չսիրելով ինձ մոտ ոչինչ չի ստացվում»։

Ընդգծում է՝ արվեստը կյանքի հետ մշտապես փոփոխվում է, նկարիչն էլ պետք է կյանքի անիվի մեջ պտտվի․ «Ավելի լավ է նկարչության մասին շատ չխոսեմ, թող դիտորդը ինքն իր համար հայտնաբերի՝ ինչ եմ ես ուզում ասել այս կամ այն նկարով, որովհետև մեկը մյուսից տարբեր են, տարբեր պրոյեկտների համար արված, տարբեր գաղափարներով»:

Գայը յուրաքանչյուր նկար անում է առաջին հերթին իր համար, բայց երբ ամեն ինչ պատրաստ է լինում, հասունանում է իր ստեղծածով մարդկանց հետ կիսվելու պահը։

Նկարչի դիտարկմամբ՝ կյանքը հրաշալի է, բայց շատ հավասար ու համաչափ է, «մեկ գծի վրա»։ Կյանքին մի փոքր այլ կերպ նայող աչքեր ունենալու դեպքում ամեն ինչ այնքան էլ միատեսակ չի լինի։

Ոչ մի գաղտնիք չկա, ամեն ինչ շատ պարզ է ու հասանելի․ «Կարծում եմ, որ եթե ոչ մի բան չի խոչընդոտում, պետք է հավերժ աշխատել տարբեր նյութերի վրա, փորձել նոր բացահայտումներ անել, միշտ փնտրե՜լ, փնտրել»։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել