Հակակոռուպցիոն քրեական դատարանում դեկտեմբերի 3-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին միջնորդություն ներկայացրեց մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպաններից Անդրանիկ Մանուկյանը։
Միջնորդությունը վերաբերում էր 2022 թվականին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ իրականացված ներքին դիտում ՕՀՄ արդյունքներին։ Մասնավորապես, պաշտպանը միջնորդեց այս գործով անթույլատրելի ապացույց ճանաչել իրականացված միջոցառումների արդյունքները՝ տեսաձայնագրություններն ու 2 լազերային սկավառակները։
Նա հայտնեց, որ դեռևս 2022 թվականին միջնորդություն է ներկայացվել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով ներքին դիտում ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ բավարարվել է։
Նույն թվականի սեպտեմբերին կրկին միջնորդություն է ներկայացվել այդ ՕՀՄ-ների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ, ինչը ևս սեպտեմբերի 1-ի որոշմամբ բավարարվել է։ Այդ միջոցառումների իրականացման նպատակն է եղել հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո ենթադրյալ հանցանք կատարած անձի բացահայտումը, ինչպես նաև նրա կողմից հանցավոր գործունեության հայտնաբերումը և կանխումը։
Նրա խոսքով՝ ներքին դիտման թույլտվություն տալու և ՕՀՄ-ների ժամկետները երկարաձգելու մասին որոշումները դատարանը պատճառաբանել է նրանով, որ դրանք բխում են ենթադրյալ ծանր հանցագործության կատարման բացահայտման անհրաժեշտությունից։
2022 թ․ դեկտեմբերի 24-ին մինչդատական վարույթ իրականացրած ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Այվազյանի կողմից Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ իրականացված ներքին դիտում ՕՀՄ-ների արդյունքում ստացված տեսաձայնագրությունները և 2 լազերային սկավառակները քրեական վարույթով որպես արտավարույթային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշում է կայացվել։
Պաշտպանն իր միջնորդությամբ հետևյալ հարցն է բարձրացնում․
Արդյո՞ք որպես արտավարույթային փաստաթուղթ ճանաչված, Ալեքսանյանի նկատմամբ իրականացված ներքին դիտում ՕՀՄ-ների արդյունքում ֆիքսված տեսաձայնագրություններ կրող 2 լազերային սկավառակները այս քրեական գործով հանդիսանում են թույլատրելի ապացույցներ։
Քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասին հղում կատարելով՝ նա նշեց, որ քրեական վարույթի շրջանակներում իրականացված ՕՀՄ գործունեության արդյունքում դատարանի թույլտվությամբ ստացված տեսաձայնագրությունները, տեսագրությունները, ձայնագրությունները և այլ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարույթային փաստաթուղթ և կցվել վարույթին այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվում է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով։
Նրա խոսքով՝ միջնորդությունների ներկայացման դատական որոշումների կայացման պահին հայտնի է եղել այն անձը, ում վերագրվել է կաշառքի ստացումը, և այդ ընթացքում միջնորդությունը ներկայացվել է այն հիմքով, որ առկա տվյալներում եղել են դատավորի կողմից կաշառք ստանալու մասին բավարար տվյալներ, ինչը հակասում է Ալեքսանյանի նկատմամբ իրականացված ՕՀՄ-ների նպատակներին։
ՕՀՄ իրականացնող մարմինն (ԱԱԾ) արձանագրել է, որ դատավոր Ալեքսանյանը տարբեր դատական գործերով, տարբեր անձանցից պարբերաբար պահանջել և ստացել է խոշոր չափերով 2-ից 5 միլիոն դրամ կաշառք։
«Վերոհիշյալ որոշումներում դատարանն արձանագրել է՝ առկա է ենթադրյալ ծանր հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև հանցավոր գործունեության հավանական շարունակումը կանխելու անհրաժեշտություն։ Ակնհայտ է, որ և՛ ՕՀԳ իրականացնող մարմինը, և՛ դատարանը համարել են, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից կաշառք ստանալու առնվազն մեկ դեպք արդեն իսկ օբյեկտիվ իրականությունում տեղի ունեցել է, ինչն իր հերթին բացառում է այն, որ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ներքին դիտում ՕՀՄ իրականացվել է դատավորի կողմից կաշառք ստանալու ենթադրյալ հանցագործությունը կանխելու կամ խափանելու նպատակով»,-նշեց Մանուկյանը։
Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն հետաքրքրվեց՝ մատնանշված 96-րդ հոդվածի համապատասխան դրույթներին արդյո՞ք պետք է նեղ մեկնաբանություն տրվի, թե պետք է այդ հանգամանքը ամբողջության մեջ դիտարկվի, քանի որ մի բան է տվյալ նորմի մեկնաբանությունը գործում առկա հանգամանքների համատեքստում գնահատելը, մեկ այլ բան է կոնկրետ քրեադատավարական իրավիճակը քննարկելը։
Անդրանիկ Մանուկյանն ասաց՝ մինչև օրս որևէ տվյալ չկա այն մասին, որ այդ ժամանակ նույնիսկ նախադրյալ է եղել մտածելու, թո ով է կաշառք տվող անձը․ «Մենք այդ հարցը նախորդիվ ներկայացված միջնորդություններում նշել ենք, ԱԱԾ-ն ենթադրյալ կաշառք ստանալու վերաբերյալ միջնորդությունները բերել է բացառապես նրա համար, որպեսզի հնարավոր լինի միջնորդությունը համապատասխանեցնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի պահանջներին՝ առերևույթ տպավորություն ստեղծելով, որ գործ ունենք ծանր հանցագործության հետ»։
Դատախազ Արմեն Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ, հայտնեց, որ դրա մեջ առկա հիմնավորումներին համաձայնելու հիմքեր առկա չեն․ «Այն քողարկված է, ուղղակիորեն կապված է պաշտպանության կողմից նախորդիվ ներկայացված միջնորդություններին, որոնցում վերջիններս վիճարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս ենթադրյալ կաշառք ստանալու վերաբերյալ տեղեկատվության իրականության համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը»։
Գևորգյանն այժմ ևս պնդեց նախկինում հայտնած իր դիրքորոշումը, որ գործում այդ միջոցառումների իրականացման հետ կապված փաստական հանգամանքներ առկա չեն, գործում առկա տվյալները բավարար են եղել ՕՀՄ իրականացնելու թույլտվության ստացման համար։
Նա կողմին և դատարանին հիշեցրեց, որ այդ գործողությունները գնահատվել են նաև այս դատարանում և ՕՀԳ իրականացնելու թույլտվություն տալու առաջին ատյանի դատարանի որոշումների իրավաչափությունը ենթարկվել է դատական ստուգման։
«ՕՀՄ իրականացումը, որպես այդպիսին, նպատակ է հետապնդում ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգումը, և դա չի նշանակում, որ օպերատիվ-հետախուզական մարմինը օպերատիվ տեղեկություն ստանալուն պես պարտավոր է հաղորդում ներկայացնել, քննիչն էլ իր հերթին պարտավոր է անցում կատարել գաղտնի քննչական գործողությունների դաշտ։ ՕՀՄ արդյունքում պետք է որոշակիորեն այդ տեղեկությունները հաստատվեն կամ հերքվեն, հենց այդ նպատակով է դատարանից հայցվում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակող թույլտվություն»,-ասաց դատախազը։
Գևորգյանը մեջբերեց դատարանի երկու որոշումների պատճառաբանական մասը՝ ընդգծելով, որ որևէ հակասություն չի կարող բերվել, դրանք ամբողջությամբ մեկնաբանվել են օրենքի 96-րդ հոդվածի համատեքստում։
Նախագահող դատավորը այլ հարցեր ևս ուղղեց միջնորդության վերաբերյալ․ դրա քննարկումն ավարտվեց։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել, նախագահող դատավորը նշեց, որ այս քննարկման շրջանակներում հղում է կատարվել մի շարք փաստաթղթերի, որոնք պետք է դատարանի կողմից դեռևս համապատասխան գնահատականի արժանան։ Դատարանի որոշումը կհրապարակվի եզրափակիչ դատական ակտում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան