Մեղադրական եզրակացության համաձայն՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը Երևան համայնքի սեփականությունը նվիրաբերել է դստերը․ գործը դատարանում է

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նոյեմբերի 18-ին, շարունակվեց Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի և «Լճափ» համատիրության նախագահ կառավարիչ Արտաշես Շահազիզյանի գործով քննությունը։ 

Արմեն Գրիգորի Սարգսյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ և խարդախությամբ: Նա 2011-2018 թվականներին, Շենգավիթի ղեկավար լինելով, իր մտերիմ Արտաշես Շահազիզյանի օգնությամբ խաբեությամբ յուրացրել է 124.3 քմ կրթական նպատակներով նախատեսված տարածք (արժեքը՝ 18,720,000 դրամ):

Սկզբում գույքը գրանցվել է Շահազիզյանի անունով, իսկ 2019-ին նվիրաբերվել Սարգսյանի դստերը՝ Աննա Սարգսյանին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ գործարքը կատարվել է կեղծ փաստաթղթերով՝ խախտելով օրենքները և վնասելով պետությանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստը սկսվեց նախատեսված ժամից 50 րոպե ուշ՝ մեղադրող կողմի և մեղադրյալի ուշ ներկայանալու պատճառով, չէր ներկայացել փաստաբաններից Կարեն Սարդարյանը։

Դատական նիստի ընթացքում Արտաշես Շահազիզյանի պաշտպան Վահե Դանիելյանը  հանդես եկավ միջնորդությամբ՝ հրապարակել գործով քննիչի որոշումն ուղղված դատախազին, ինչպես նաև հանրային քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ և դատախազի որոշումը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով հետապնդում չիրականացնելու մասին։

«Ցանկանում եմ այս 2 որոշումները հրապարակել դատարանի ուշադրությունը հրավիրելու այն հարցի վրա, որ նշված միջնորդությամբ և դատախազի որոշմամբ պատկեր է ստեղծվել, թե իբր Արտաշես Շահազիզյանը իրեն առաջադրված ենթադրյալ արարքի կատարումը՝ իբր էդ կեղծ փաստաթուղթը օգտագործելը և դրա հիման վրա սեփականաշնորհելը չի վիճարկել ։ Ի դեպ ասացի, որ որոշում է կայացվել արդեն հետապնդում չիրականացնելու մասին, բայց այդտեղ, ըստ իս, ենթադրյալ տեխնիկական սխալ է թույլ տրվել կամ ենթադրյալ կեղծիք է արվել, բայց միանշանակ, եթե Արտաշես Շահազիզյանի ցուցմունքները հետազոտենք, բոլորիս էլ պարզ կլինի, որ նա չի ընդունել այդ մեղքը, ավելին ասեմ՝ վերջին հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ ինքը կեղծ փաստաթուղթ չի օգտագործել և դրա հիման վրա սեփականաշնորհում չի իրականացրել, մինչդեռ, չգիտես ինչու, քննիչը և դատախազը իրենց կայացրած որոշումներում նշել են, թե Շահազիզյանը չի վիճարկել ենթադրյալ արարքը կատարած լինելու հանգամանքը»,-նշել է Դանիելյանը։ 

Փաստաբանի կարծիքով՝ այս ամենը կարող է անմիջական ազդեցություն ունենալ իր պաշտպանյալի ենթադրյալ խարդախությանն օժանդակելու, հանցակազմում մեղավորությունը հիմնավոր կամ անհիմն համարելու հարցում, և հենց այս պատճառով է փաստաբանը միջնորդում , որ քննիչի միջնորդությունը և դատախազի որոշումը հրապարակվեն։

«Իսկ ինչ վերաբերում է մյուս հանգամանքներին ՝ այս փաստաթղթերով ևս ապացուցվում է այն հանգամանքը, որ պաշտպանյալը իրեն մեղսագրված ենթադրյալ արարքը չի կատարել, կամ առնվազն վերջինիս կողմից կատարված լինելը չի ապացուցվում։  Բերված փաստարկները ևս անհիմն են»,- ասաց Դանիելյանը։

Դատավորի հարցին, թե փաստաբանի կողմից նշված որոշումները ինչու չեն բողոքարկվել, պատասխանեց․ «Ըստ էության մենք չենք բողոքարկել հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով հետապնդում չի իրականացվելու, և քանի որ իմ պաշտպանյալը վատառողջ էր ։ Որոշումը ստանալով համարեցինք, որ դրանով քրեական վարույթը ավարտվելու է, բայց երբ հրավիրեցինք Հակակոռուպցիոն կոմիտե բողոքարկման ժամկետը բաց էր թողնվել։ 

Ես չեմ ուզում որակել, որ դիտավորյալ կերպով կեղծիք է թույլ տրվել, որպեսզի կարողանան հնարավորինս հիմնավորել մեղադրյալին առաջադրված մեղադրանքը։ Ինձ թվում է քննիչի կողմից ուղղակի վրիպակ է եղել, ինչը շարունակվել է նաև դատախազի կողմից, որովհետև հոդված 5-ում  զետեղված է իմ մեղադրյալի վկայի կարգավիճակում տված ցուցմունքը, որտեղ  անձը հստակ նշում ա, որ երբեք կեղծ փաստաթուղթ չի օգտագործել՝ հատկապես Աշոտ Հակոբյանի կողմից տրված։ Ցուցմունքին հետևում է միջնորդություն, ըստ որի Արտաշես Շահազիզյանը չի վիճարկել այդ արարքի կատարումը, մինչդեռ մենք ասել ենք, որ համաձայն ենք վաղեմության ժամկետի, ոչ թե արարքի կատարման հետ, դրանք հստակ տարանջատել ենք»,-նշեց նա։

Դատավորը մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-ից 14-րդ կետերին, ըստ որի քրեական հետապնդումը բացառված չէ, եթե անձը առարկում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու դեմ, այն պատճառաբանությամբ, որ արարքն ինքը չի կատարել ։

Դատավորը եզրափակեց՝ հայտարարելով, որ հաջորդ նիստում կքննարկվեն կողմերի ներկայացրած փաստարկներն ու ապացույցները, որպեսզի որոշվի դրանց նշանակությունը գործի հետագա ընթացքի համար։ 

17։30-ին դատարանի այլ նիստ ունենալու պատճառով դատական նիստը հետաձգվեց:  Այս գործով  հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025 թ․ հունվարի 14-ին, ժամը 10։00-ին։

Լիլիթ Խաչատրյան, Մարիամ Աբրահամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել