«Անտառներում գոռում էինք մեր երեխաների անունները, մտածում էինք՝ ողջ են, կլսեն մեր ձայները, կգան»․ Պետրոսը բանակ գնալուց առաջ մորն ասել է, որ զոհվելու է

Հանուն հայրենիքի կյանքը չխնայած Պետրոս Նվերի Ասատրայնը ծնվել է 2001 թվականի հունվարի 8-ին Մխչյան գյուղում։ Եվ՛ մորական, և՛ հորական կողմից Պետրոսն առաջին թոռն էր։ Մայրը՝ Արուսյակ Ասատրյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում ասում է, որ շատ սպասված է եղել իր որդու ծնունդը։

Ծնողները պատմում են, որ տղան շատ ընկերասեր, աշխույժ ու շփվող է եղել։ Հայրը՝ Նվեր Ասատրյանը հատկապես ընդգծում է, որ Պետրոսը շատ է սիրել ու շատ նվիրված է եղել իր փոքր եղբորը։ Պետրոսը օրերն է հաշվել, թե երբ է գալու իր բանակ զորակոչվելու օրը, շատ է սպասել այդ իրադարձությանը։

Նախքան բանակ զորակոչվելը նա հաճախ է ասել, որ ինքը պետք է զոհվի և մորը հորդորել, որ հանկարծ չտխրի․ «Ասում էր՝ մամա, ես որ մեռնեմ էլ հանկարծ չտխրես, ի՞նչ կա դրա մեջ։ Գլուխդ բարձր կքայլես, եթե իմանաս, որ ես կռվում եմ զոհվել, ես շատ ուրախ կլինեմ դրա համար։ Պատերազմի ամենաթեժ օրերին, երբ զանգում էինք, ոչ մի բան չէինք նկատում, չէինք զգացել՝ ինչ է կատարվում, ինքը ոչինչ չէր ասում»,-պատմում է մայրը։

Հոկտեմբերի 2-ին Պետրոսի հայրն էլ է կամավորագրվել ու մեկնել պատերազմ, բայց տղայի մոտ չի եղել։ հոկտեմբերի 30-ին վերադարձել է տուն։ Մի քանի օր տղայից լուր չեն ունեցել, բայց իրենց վստահեցրել են, որ այդ վաշտը թաքստոցում է։ Սակայն հետագայում պարզվել է, որ զրուցակիցներն իրար սխալ են հասկացել և խոսքը բոլորովին այլ վաշտի մասին է եղել։ 

«Այդ պահից արդեն մեր խաղաղությունը գնաց։ Երկու օր հետո ծնողներով գնացինք Ղարաբաղ։ Շատ բաների միջոց անցանք։ Ռուս խաղաղապահների զորքի հրամանատարին խնդրեցինք, որ թույլ տան անտառներում փնտրենք մեր երեխաներին։ Ծնողներից մի քանի հոգու թույլ տվեցին։ Անտառներում գոռում էինք մեր երեխաների անունները, մտածում էինք՝ ողջ են, կլսեն մեր ձայները, կգան»,-պատմում է հայրը։

2021 թվականի հունվարի 13-ին հաստատվել է ԴՆԹ-ն։ Պետրոս Ասատրյանը զոհվել է Հադրութի շրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել