Ռուբեն Վարդազարյանի գործով ապացույցների թույլատրելիությունը վիճարկվում է. դատախազը 2 տարի ազատազրկում է պահանջում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն։

Նա նշեց՝ մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ, դատական նիստում չբացահայտվող ճանապարհով։ Պաշտպանն ընդգծեց՝ մեղադրանքի կողմը հատուկ ջանքեր չի գործադրել ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու համար։

Քրեական դատավարության օրեսնգրքի 127-րդ հոդվածը վկայակոչելով՝ պաշտպանն ասաց՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսակետից։

Անդրադառնալով ձայնագրության՝ որպես ապացույց անթույլատրելի ճանաչելուն, ընդգծեց, որ այն չի կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն, քանի որ չի համապատասխանում ապացույցի թույլատրելիության՝ Քրեական դատավարության օրեսնգրքով սահմանված պայմաններին։

Արամ Օրբելյան

«Քրեական գործի նյութերում առկա չէ դատարանի որոշում որևէ քննչական կամ դատավարական գործողություն կատարելու թույլտվություն տալու և ապացույց ձեռք բերելու նպատակով ենթադրաբար Արմեն Բեկթաշյանի մասնավոր կյանքին միջամտելու մասին, գործի նյութերում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, թե Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ո՞ր քննչական կամ դատավարական գործողության շրջանակներում է կատարվել ենթադրաբար Արմեն Բեկթաշյանի խոսակցության ձայնագրությունը։

Գործի նյութերում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, թե արդյոք ձայնագրությանմեջ խոսող անձը ենթադրաբար Արմեն Բեկթաշյանը, տեղյակ եղել է, որ իր խոսքը ձայնագրվում է, և կարող է օգտագործվել որպես ապացույց քրեական գործով, թե այն եղել է քողարկված, գործի նյութերում առկա չէ, որևէ տեղեկություն այն մասին, թե որտեղ է տեղի ունեցել այդ խոսակցությունը և դրա ձայնագրությունը»,-ասաց Արամ Օրբելյանը՝ շարունակելով ներկայացնել այն կետերը, որոնք, ըստ պաշտպանության կողմի, չեն ներառվել քրեական գործի նյութերի մեջ։

Պաշտպանության կողմը նաև վիճարկում է մեղադրյալ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության մոնտաժված լինելու հանգամանքը, նշում, որ դրա վերաբերյալ առկա չէ փորձագիտական եզրակացություն, քանի որ որոշակի հատվածներ, որոնք վերաբերում են հարցադրումներին, ձայնագրության մեջ առկա չէ։ Պաշտպանը մեկ անգամ ևս նշեց՝ ապացույցը պետք է ճանաչվի անթույլատրելի՝ բազմաթիվ «արատներ» ունենալու պատճառով։

Հանրային մեղադրող, դատախազ Աշոտ Ժամկոչյանը ասաց՝ զննությամբ արձանագրված է, թե որտեղից են ձեռք բերվել վերոնշյալ տվյալները։ Նա նշեց՝ Արմեն Բեկթաշյանը հարցաքննության ժամանակ չի հերքել իր մասնակցությամբ ձայնագրություն կատարելու հանգամանքը, չի հայտնել պաշտպանության կողմի կամ դատարանին այնպիսի տեղեկություններ, որոնք պետք է հիմքեր տան ենթադրելու՝ ձայնագրությունը կատարվել է պետության ներկայացուցիչների՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից․  «Դրանք չփարատված, չհաստատված կասկածներ են։ Կարծում եմ՝ ապացույցը թույլատրելի է, պետք է շարունակի գործել որպես մեղադրանքի փաստական որևէ հանգամանք հաստատելուն ուղղված ապացույց»։

Դատարանը որոշեց այս միջնորդության լուծումը հետաձգել, տվյալ ապացույցը թույլատրելի կամ անթույլատրելի ճանաչելուն անդրադառնալ խորհրդակցական սենյակում ապացույցները գնահատելու ժամանակ։

Դատաքննությունն ավարտվեց, դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հաջորդիվ ճառով հանդես եկավ դատախազ Աշոտ Ժամկոչյանը։

Աշոտ Ժամկոչյան

Նա հայտնեց՝ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ներկայացված ապացույցներով․ «Մեղադրանքի կողմը նախաքննության ու դատաքննության արդյունքներով հիմնավորված է համարել, որ Ռ․Վարդազարյանը 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը, այն է՝ վերջինիս վարույթում Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի վերաբերյալ քննվող քրեական գործով բազմիցս պահանջել է ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ ընտրված որպես խափանման միջոց կալանավորումը փոխել անազատության մեջ պահելու հետ չկապված այլ խափանման միջոցով»։

Նշվեց, որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքեր տալ, իսկ դատաքննության ընթացքում ցուցմունքով ներկայացրել է որոշակի իրադարձություններ, պաշտոնատար տարբեր անձանց հետ ունեցած որոշակի խոսակցություններ, հայտնել, որ հարուցված քրեական վարույթն ունեցել է քողարկված նպատակ, այն է՝ իրեն զրկել իր լիազորությունների կատարումից։ Դատախազը նշեց, որ ամբաստանյալը հրաժարվել է պատասխանել մեղադրանքի վերաբերյալ հարցադրումներին։

Ժամկոչյանն իր ճառում անդրադարձավ Ռուբեն Վարդազարյանի և դատավոր Անդրանիկ Սիմոնյանի (այժմ՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ) հեռախոսազանգերի ձայնագրություններին, նշեց, որ հիմնավորվել են՝ հեռախոսահամարները պատկանում են Վարդազարյանին, որոնոցով էլ տեղի ունեցել այլ բաժանորդների հետ խոսակցությունները։

Նշենք, որ ձայնագրություններից մեկով Վարդազարյանը Սիմոնյանին հիշեցրել է իր խնդրանքի՝ հնարավորության դեպքում Վահագն Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին․

– Պարո՛ն Սիմոնյան, ուզում եմ իմ էն անցյալ անգամվա ասածը հիշեցնեմ, ոնց որ էսօր ա նիստը։

– Հա, Վահագի՞ նիստը։

– Հա՛։

– Բայց, պարո՛ն Վարդազարյան, դրանով ոնց որ պաշտպաններ չունեն, ես ինչքանով, որ հասկացա՝ էսօրվա նիստը չի լինելու։

– Բայց, ես ինչքան գիտեմ, գալու են պաշտպանները։

– Դե, Ինեսան էլ ասել ա, որ չի գալու։

– Ուրիշ մարդ ա գալու, նոր մարդ ա գալու լիազորագրով։

– Հա՛, հնարավոր ա՝ նոր մարդ գա, մասնակցի։

– Ընդամենը ուզում էի իմ անցյալ անգամվա ասածը, խնդրանքը հիշեցնել։

– Հա, պարո՛ն Վարդազարյան, թող գան, նայեմ։ Եթե հնարավոր կլինի ինչ-որ այլ խափանման միջոց, ես Ձեզ անցած անգամ էլ ասացի, որ նկատի կունենամ։

– Եղա՛վ, շնորհակալություն։

Դատախազի կողմից ներկայացված մյուս հեռախոսային խոսակցության բովանդակությունը հետևյալն էր․

– Պարո՛ն Վարդազարյան, Վահագի նիստի հետ կապված եմ զանգել, ժամը 2-ին է։ Հիմա Ձեր ասածը Մարինային էր վերաբերու՞մ, Մարինայի՞ մասով, թե՞ մենակ Վահագի։

Մարինան կապ չունի էդ նիստի հետ, Վահագի մասին ա խոսքը։ Վահագին ներկայացնում ա Մարինան, Մարինան ա նրա պաշտպանությամբ զբաղվում։

– Հա՛։

– Ու մենք ինչ անում ենք, էս աղջկա բերանն ենք ընկնում, ու սկսում ա փնովել։ Եթե հիմքեր կան, եթե, իրոք, հիվանդ ա, եթե, իրոք, պատրաստ ա բանակին ինչ-որ մի բանով օգտակար լինել, ես էս աչքերով եմ էլի ասում, նայենք, եթե իրականում նոր հանգամանք կա։

– Հասկանալի ա, պարո՛ն Վարդազարյան։

Ես ուզում եմ՝ մենք Մարինայի բերանի ծամոնը չդառնանք, էլի։ Ես Գլխավոր դատախազի հետ էլ եմ խոսացել, մի հատ շատ տհաճ պատմություն կա էդ գործի մեջ։

– Ըհը։

– Եթե սկսեք ապացույցները հետազոտել, ապացույցների հետազոտումը տևելու է 6 տարի, որովհետև էդ զապիսները, որ լսում ես, խնդիր է առաջանում, իրենք չեն առանձնացրել՝ որն է կարևոր, ու դատախազությունն ասում է՝ բոլորը պիտի լսենք։ Սենց խնդիր էլ կա, էլի, ինչքա՞ն երկար տևի։

– Հասկացա։

Բայց իմ խնդրանքը հետևյալն է․ եթե ձև կա գրավ կիրառելու, կարելի է գրավ կիրառել ու հետո դատել նորմալ էս մարդուն, ոչ թե Մարինայի բերանի ծամոնը դառնալ ու դատախազության կամակատարը։

– Լավ, պարո՛ն Վարդազարյան, եղա՛վ, հասկացա։

Մեղադրանքի կողմի պնդմամբ՝ նախաքննությամբ ու դատաքննությամբ ապացուցվել է ամբաստանյալի մեղավորությունը։

Մատնանշելով Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածներն ու հաշվի առնելով ամբաստանյալ Ռուբեն Վարդազարյանի կողմից կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցանքի կատարման եղանակը, նրա ակտիվ դերը նշված հանցանքի մեջ, հանրային մեղադրողը պահանջեց․

Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչել և նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով, ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտպանության կողմը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ պաշտպանական ճառը ավարտին հասցնելու և ամբողջական տեսքով ներկայացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել