Սեդրակ Քոչարյանի գործով պատասխանող կողմի նոր ներկայացուցիչներ են ներգրավվել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հուլիսի 17-ին, տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի, ու նրա կնոջ՝ Զարուհի Բադալյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.netի փոխանցմամբ՝ նիստի սկզբում քննարկվեց տեսանկարահանման և լուսանկարահանման հարցը։ Պատասխանող կողմի ներկայացուցիչներն առհասարակ դեմ էին նիստի տեսանկարահանմանը, սակայն դատարանն ընդգծեց, որ նրանք կարող են դեմ լինել միայն իրենց տեսանկարահանելուն, իսկ առհասարակ նիստի տեսանկարահանումը թույլատրվում է, ուստի միջնորդությունը բավարարվեց։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ հայտնելով,  անհրաժեշտություն է առաջացել գործի նյութերին ծանոթանալու: Ասաց, որ դատարանի կողմից հունիսին որոշում էր կայացվել երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ, և երրորդ անձանց որոշակի ժամանակ է պահանջվել, որպեսզի ներգրավվեն նշված ժամանակահատվածում։

Նա միջնորդեց ժամկետ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար, նաև հայտնեց, որ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննվող գործերով առաջին անգամ է մասնակցում։

Պատասխանող կողմի մյուս ներկայացուցիչները ևս միացան միջնորդությանը, նրանք նշեցին, որ այս գործերի ժամանակ նյութերի ծավալները շատ են։

Արմեն Ֆերոյանն ընդգծեց նաև, որ անհրաժեշտ է տրամադրել այնպիսի ժամանակահատված, որ կողմերն ամբողջովին կարողանան ծանոթանալ նյութերին, և դատական նիստի ավելորդ ձգձգումների առիթներ չստեղծվեն։

Դատախազ Գևորգ Քոչարյանի կողմից միջնորդության վերաբերյալ առարկություններ չկային։

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանն անդրադառնալով դրամական և ֆինանսական տեղեկատվության պաշտպանության հարցին՝ ասաց, որ եթե դատախազությունը հայցի առարկայի հիմքը ներկայացնելիս քննարկման առարկա դարձնի, թե «Թարգեթ գրուպ» ՓԲԸ-ն իր գործունեության շրջանակներում ինչ ֆինանսական հոսքեր է ներքաշել՝ փոխառություններ, վարկեր և այլն, որպես առևտրային միջոց, խնդրեց, որ մինչև ներկայացնելն անցնեն մասնակի դռնփակ դատական նիստի, ու նշված հարցերը ներկայացվեն դռնփակության ձևաչափով։

Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումները փաստաբան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ՝ որոշեց այն բավարարել։

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել