Ամբաստանյալի աթոռին հայտնված դատավորն ուզում է փաստաբան դառնալու համար քննություն հանձնել

Հակակոռուպցիոն քրեական դատարանում հուլիսի 10-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանն ասաց, որ հարցում են կատարել Փաստաբանական ակադեմիայում անկացվող քննությունների ընթացակարգի վերաբերյալ, ինչին ի պատասխան հայտնել են, որ Փաստաբանական ակադեմիայի ընդունելության բանավոր քննությանը հեռավար եղանակով մասնակցելու դեպք նախկինում չի եղել։

Դատավորը հարցրեց՝ եթե նախկինում չի եղել, արդյո՞ք ենթադրվում է, որ ապագայում չի կարող լինել, պաշտպանն ասաց՝ հարցման միջոցով փորձել են իմանալ՝ արդյոք կա՞ հնարավորություն հեռավար կերպով մասնակցելու, նախկինում եղե՞լ է նման փորձառություն, թե ոչ։

Պաշտպանի խոսքով՝ իրեն հասած տեղեկությունները փաստում են, որ պարտադիր է բանավոր քննության ժամանակ Ալեքսանյանի ներկայությունը, ինչից հետո էլ արդեն հեռավար կերպով կթույլատրվի մասնակցել դասընթացներին։

Դատավոր Վահե Դոլմազյանը պահանջեց փաստաբանից ներկայացնել այն հարցումը, որն ուղարկվել է Փաստաբանական ակադեմիա։

«Ինչպես իմ առողջության հարցի պարագայում, սա ևս կարևոր է իմ շարունակական կրթությունը ստանալու իրավունքն ապահովելու տեսանկյունից, խնդրում եմ բավարարել ներկայացված միջնորդությունը։ Ընդամենը 1 օր է, մի քանի ժամ կտևի, օգոստոսի 14-ին է, քանի որ հատուկ դիմորդ եմ, միայն բանավոր քննությանն եմ մասնակցելու, գրավոր քննությանը մասնակցելու կարիք չկա»,-ասաց Արուսյակ Ալեքսանյանը։

Պաշտպան Անդրանիկ Մանուկյանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց հետևյալը․ «ՀՀ-ն 2023 թվականի հունվարի 1-ից մինչ օրս այդպես էլ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի դուրս ուղեկցելու, ուղեկցելու չափանիշների, ուղեկցումը մերժելու կամ թույլատրելու վերաբերյալ որևէ կարգ չընդունեց, հիմա այնքանով, որքանով այդ կարգը չկա, իմ գնահատմամբ, այն պարագայում, երբ տնային կալանքից դեպի դուրս հետապնդում է իրավաչափ նպատակ, ապա այդպիսի ուղեկցումը պետք է թույլատրվի»։

Նա միացավ մյուս պաշտպանի միջնորդությանը, խնդրեց այն բավարարել, թույլ տալ, որ մեղադրյալն իրացնի իր սահմանադրական իրավունքը։

Հանրային մեղադրողը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ ասելով, որ պաշտպանության կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերն այնպիսի բովանդակություն չեն կազմում, որոնք ապացուցում են, որ Արուսյակ Ալեքսանյանը հնարավարություն չունի քննությանը հեռավար մասնակցելու, միջնորդությունը որևէ որակական փոփոխությունների չի ենթարկվել և ենթակա չէ բավարարման։

Լսելով կողմերի դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ՝ դատարանն արձանագրեց, որ նախորդ դատական նիստում բարձրացված հարցի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներն այդպես էլ չեն ստացվել, ուստի հարցի քննարկումը հետաձգվեց՝ նկատի ունենալով նաև դատարանի կողմից ընդունելության բանավոր քննության մասնակցության հետ կապված հարցերին պաշտպան Վարդանյանի կողմից տրված պատասխանները։

Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանն ու Էրիկ Ալեքսանյանն ինչպես նախորդ նիստին, այս նիստի ժամանակ ևս պնդեցին, որ հրաժարվում են ցուցմունք տալուց, ինչից հետո հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վերջիններիս նախաքննական ցուցմունքները։

Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։

Մինչև նախաքննական ցուցմունքների հրապարակումը, Արուսյակ Ալեքսանյանը ճշտեց, թե ե՞րբ կքննարկվի բանավոր քննության հարցը, եթե նիստը նշանակված է օգոստոսի 13-ին, իսկ քննությունը՝ 14-ին, և խնդիր կա քննությանը պատրաստվելու ժամանակահատվածի հետ։

Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց․ «Նման խոսք կա, գիտելիքը ուժ է, ոչ թե նպատակ, հետևաբար, Դուք պատրաստվեք, դրանով կլինեք ավելի ուժեղ և ամսի 14-ին հեռավար կարգով կամ ոչ հեռավար կարգով՝ կախված պատասխանից, կմասնակցեք, դատարանը Ձեզ չի զրկի այդ հնարավորությունից»։

Այնուհետև հանրային մեղադրողը սկսեց նախաքննական ցուցմունքների հրապարակումը։ ՔԿ-ում մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի ցուցմունքներ տալու ընթացքում ներկա են եղել պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Անդրանիկ Մանուկյանը։

Ամբաստանյալը ցուցմունքի տալիս հայտնել է․ «Մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար նախ պետք է կարողանամ հստակ պատկերացնել՝ որն է եղել քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 5-րդ կետերով և 482-րդ հոդվածի առաջին մասով ինձ վերագրվող արարքի ձևակերպումն առանձին-առանձին, քանի որ մեղադրանքի բովանդակությունից դա պարզ չէ, իսկ ես պետք է կարողանամ յուրաքանչյուր մեղադրանքի վերաբերյալ դրանից ելնելով դիրքորոշում հայտնել, ուստի խնդրում եմ պարզաբանել, թե քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ նկարագրված մեղադրանքից կոնկրետ որն է եղել ինձ վերագրվող հանցավոր արարքի նկարագրությունը»։

Մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը նախաքննական մարմնում ցուցմունք տալիս հայտնել է, որ իրեն ներկայացված մեղադրանքը պարզ չէ, քանի որ այն ամբողջութամբ անօրինական է, օգտվելով իր իրավունքից հրաժարվել է ցուցմունք տալուց և որևէ հարցի պատասխանելուց։

«Պնդում եմ, որ մեղադրանքը չեմ ընդունում, այն իրավաչափ չէ, ունի նույնիսկ իրավական առումով ներքին դեֆեկտներ, հատկապես դրանում առկա ձևակերպումներն օժանդակության առումով ուղղակիորեն հակասում են և չեն մտնում համապատասխանության մեջ Վճռաբեկ դատարանի կողմից օժանդակության վերաբերյալ դրա հասկացության, առանձնահատկությունների առումով հայտնած իրավական դիրքորոշմանը։ Խնդրում եմ ինջ այլևս որևէ հարց չտալ, չեմ ցանկանում պատասխանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրանքն ամբողջությամբ անօրինական է»։

Քննիչը նրան հարց է տվել՝ հետաքրքրվելով, թե ընդունո՞ւմ է, որ, որպես մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի պաշտպան, գործում ներգրավվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հորդորով և նրա համաձայնությամբ, վերջինիս հերթապահության օրերին մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանին գրավոր կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել դատարան, թե ոչ, Էրիկ Ալեքսանյանը կրկին պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն անօրինական է ոչ միայն իրավաբանական, այլև փաստական կողմերով։

Հանրային մեղադրողն ըստ հերթականության հրապարակեց մեղադրյալներ Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նախաքննական ցուցմունքները։

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից ներկայացվելիք ապացույցները, փաստաթղթերը կհետազոտվեն հաջորդ դատական նիստում։

Այն տեղի կունենա օգոստոսի 13-ին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել