Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դատավճիռը։ Նիստը նախագահել է դատավոր Վարդգես Սարգսյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, հիմնական պատիժ նշանակվեց 6 տարի ժամկետով ազատազրկումը։ Սակայն այն չի կիրառվի, քանի որ 2018-ին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարել էր համաներում, իսկ նշված հոդվածը նույնպես ընդգրկված է դրանում, Գասպարյանն ազատվեց նշանակված պատժից։
Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում նախկին ոստիկանապետի համար։
Լևոն Երանոսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց, հիմնական պատիժ նշանակվեց 5 տարի ժամկետով ազատազրկումը։ 2018-ին հայտարարված համաներումով նա ևս ազատվեց պատիժը կրելուց։
Վարդան Թունյանն էլ մեղավոր ճանաչվեց, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նա նույնպես քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխվի։
Գուրգեն Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նա նույնպես ազատվեց պատժից։
Երանոսյանից, Գրիգորյանից և Թունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 7 միլիոն 954 հազար դրամ։
Ըստ գործի նյութերի՝ Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը Երանոսյանին խնդրել է իր ծանոթ Վահրամ Ղազարյանին ընդունել ոստիկանության զորքերում ծառայության։ Նշված անձն ընդունվել է աշխատանքի, սակայն ծառայության չի ներկայացել։ Դրա փոխարեն կատարել է Թունյանի վարորդի պարտականությունները։ Այս դեպքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի 7 միլիոն 954 հազար դրամի վնաս, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։
Նշենք, որ Երանոսյանի, Թունյանի և Գրիգորյանի գույքի նկատմամբ դրված կալանքը կպահպանվի։
Մանրամասները՝ տեսանյութում։