Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում հունիսի 25-ին շարունակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ամիրյանը, կազմում են դատավորներ Արմեն Հովհաննիսյանը ու Մեսրոպ Մակյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանի պաշտպանները ներկայացրեցի վերաքննիչ բողոքը, որը վերաբերում էր Վերմիշյանին առաջադրված մեղադրանքների 7 դրվագից 2-ին։
Վերմիշյանի պաշտպանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական եզրակացության մեջ նշված ինչպես Վահագն Վերմիշյանի, այնպես էլ մյուս ամբաստանյալների առաջադրված մեղադրանքների հիմքում դրված փաստական հանգամանքները։
Դատաքննության ընթացքում հետազոտված 5 վկաների ցուցմունքներով հիմնավորվել է, որ Վերմիշյանի խորհրդական Նատալյա Չերնիկովան աշխատանքի է ընդունվել «արտոնյալ» պայմաններում, ինչը դրսևորվել է միայն աշխատանքի հաճախելու ազատ գրաֆիկի տեսքով։
Նրա պնդմամաբ՝ դա ամենևին չի նշանակում, որ նրա՝ Քաղաքաշինության կոմիտեում աշխատանքի ընդունվելու և աշխատելու հանգամանքներով Վահագն Վերմիշյանը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, իսկ Չերնիկովային անհիմն վճարվել է իր չկատարած աշխատանքի դիմաց։
Մասնավորապես, ներկայացված ապացույցներով հիմնավորվել է, որ Վերմիշյանը աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով Չերնիկովային առաջարկել աշխատանքի ընդունվել Քաղաքաշինության կոմիտեում, քանի որ վերջինս հանդիսացել է լավ մասնագետ, ժամանակին ուսանել է Վերմիշյանի մոտ, այդ իսկ պատճառով Վերմիշյանը լավատեղյակ է եղել Նատալյա Չերնիկովայի մասնագիտական կարողություններին։
«Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության կատարված թերի ու ոչ բազմակողմանի քննության արդյունքում չեն հետազոտվել վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվող մի շարք փաստական տվյալներ պարունակոց ապացույցներ, որոնց հետազոտմամբ պարզ կդառնա Նատալյա Չերնիկովայի կողմից իր պաշտոնից բխող մի շարք մեծածավալ աշխատանքներ կատարած լինելու հանգամանքը։ Խուզարկություններով Չերնիկովայի և Վահագն Վերմիշյանի աշխատասենյակներից առգրավված համակարգիչները զննվել են թերի, միայն այն մասով, որոնք պարունակել են քննությանն արդեն հայտնի դրվագներով շինարարական նախագծերի անվանումներ»,-ասաց պաշտպանը։
Նրա խոսքով՝ նշված համակարգիչներում առկա են եղել բազմաթիվ այլ թղթապանակներ, որոնք պարունակել են Նատալյա Չերնիկովայի կողմից կատարված աշխատանքները Քաղաքաշինության կոմիտեում աշխատելու ընթացքում, որոնք «միտումնավոր» չեն զննվել։
Վահագն Վերմիշյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց հետևյալը․ «Առաջին խնդիրը, որ ես կցանկանայի դատարանի առջև բարձրաձայնել, դա արդարության խաթարումն է։ Արդարությունը համարվում է խաթարված, երբ բոքսի ռինգի մրցակիցներից մեկը բարձրանում է կապված ձեռքերով, իսկ սա հենց այն վարույթն է, որտեղ մենք՝ որպես պաշտպանական կողմ, հանդես ենք եկել կապված ձեռքերով։
Մեր բոլոր միջնորդությունները մերժվել են, ավելին՝ դրանց մի մասը, որոնք առանցքային են մեղադրանքի հերքման և պաշտպանության կառուցման համար, չեն էլ քննարկվել դատարանի կողմից»։
Կոչուբաևի խոսքով՝ դատական քննության սկզբից իր կողմից ներկայացված է եղել ապացույցները անթույլատրելի ճանաչելու միջնորդություն, որը դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձել, դատավճռում դրա վերաբերյալ անդրադարձ չի կատարվել։ Նա նշեց, որ նույն ձևով կարճման միջնորդություն է ներկայացրել դրվագներից մեկով, որը ևս բովանդակային առումով քննարկման առարկա չի դարձվել։
Պաշտպանն ընդծեց, որ դեռևս 2021 թվականի հուլիսի ընթացքում միջնորդել էր դատարանից, որպեսզի տրամադրվի ՕՀՄ-ների հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը, պատասխան էր ստացվել, որ դրանք գտնվում են ԱԱԾ-ում, դիմել է ԱԱԾ, և պատասխան ստացել, որ դրանք տրամադրել չեն կարող, քանի որ պարունակում են պետական-ծառայողական գաղտնիք։
«Մենք չենք կարող գնահատել, օրինակ, օպերատիվ աշխատակից, փոխգնդապետ Արշալույսյանը էդ ի՞նչ փաստական տվյալներ էր ստացել, որ Վահագն Վերմիշյանը կաշառքներ է ստանում, լիազորություններ է չարաշահում, էս փաստական տվյալը դատարանն ասում է ԱԱԾ-ում է, ԱԱԾ-ն ասում է՝ ձեզ չենք տրամադրում, իսկ դատարանն էլ ասում է՝ չենք պահանջում ԱԱԾ-ից։ Բոլոր դեպքերում, այնքանով, որքանով այդ փաստաթղթերը տրամադրված են, դրանք ևս հիմք են տալիս արձանագրելու, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ևս խախտումներ տեղի ունեցել են»,-ասաց նա։
Անդրադառնալով Նատալյա Չերիկովայի՝ աշխատանքի այցելելու գրաֆիկին, պաշտպանն ասաց, որ նրա գրաֆիկը եղել է ոչ նորմավորված, եղել է 11-ից մինչև գիշերվա 1-ը, 2-ը։ Խորհրդականի պաշտոնը չի ունեցել պաշտոնի անձնագիր և չի եղել հստակ ցուցում, որ պետք է աշխատանքի հաճախի Նատլյա Չերնիկովան 9-ից 6-ը։
Չերնիկովան, ըստ պաշտպանի, Քաղաքաշինության կոմիետում զբաղվել է մեգանախագծերով։
«Բոլոր առումներով այն աշխատանքը, որը ստացել է Նատալյա Չերնիկովան, եթե հայտարարվեր պետական տենդեր այդ նախագծերի համար, վտսահեցնում եմ՝ պետությունը միլիարդ դրամ էր ծախսել այդ նախագծերի համար, իսկ այստեղ ոչ միայն պետական շահը չի ոտնահարվել, այլև հակառակը՝ այդ խնդիրը լուծվել է։ Բացի այդ էլ այնպես չէ, որ Չերնիկովան Քաղաքաշինության կոմիտեում իրականությունից կտրված մասնավոր աշխատանք է կատարել»,-հավելեց Կոչուբաևը։
Ալեքսանդր Կոչուբաևն անդրադարձավ նաև մինչև Վահագն Վերմիշյանը պաշտոնավարած Քաղաքաշինության նախկին նախագահ Նարեկ Սարգսյանի կողմից նախագծված մի շարք շենքերի հանգամանքին։
«Եթե Վահագն Վերմիշյանը նախագծեր իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրության է մասնակցել, ապա այստեղ օրենքի առջև պարոն Վերմիշյանն այդքան էլ հավասար չէ, իսկ եթե պետության մոտեցումն այն է, որ անձը, զբաղեցնելով կոմիտեի նախագահի պաշտոն, կարող է ճարտարապետական աշխատանք իրականացել և ապօրինի ձեռնարկատիրության տիրույթում դա չի տեղավորվի, ապա մոտեցումը պետք է լինի հավասար։
Ունենք Կոմիտեի 2 նախագահ, նախագահներից մեկը նախագծել է ԱԳՆ շենքը, Հյուսիսային պողոտայի շենքը, բազմաթիվ այլ շենքեր լինելով Կոմիտեի նախագահ, այստեղ եթե ընդունենք մեղադրանքում Դավթաշենի կամ Ուրարտու ծրագիրը նախագծվել է Վահագն Վերմիշյանի կողմից, սա չի դիտարկվի ապօրինի ձեռնարկատիրության տիրույթում»,-ասաց Կոչուբաևը։
Նիստը հետաձգվեց, մյուս 5 դրվագներով վերաքննիչ բողոքը կներկայացվի հաջորդ դատական նիստին։
Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանը իրեն առաջադրված մեղադրանքների բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութերում։