Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 13-ին, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով քննությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է՝ Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը (Գասպարյանը) ՊՆ ՌՈ ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, վերջինիս աշխատավարձ է վճարել է աշխատավարձ։
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 17 միլիոն 275 հազար 721 դրամի վնաս:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին ներկայացել էր դատարանի կողմից ծանուցված վկա Սյուզաննա Մովսեսյանը։
Դատարանը ոստիկանության միջոցով ծանուցագրեր էր ուղարկել նաև մյուս վկաներին, մասնավորապես, Վահան Նաջարյանին, Քնարիկ Սասունյանին և Կորյուն Մկրտչյանին, վերջիններիս վերաբերյալ, բացի Քնարիկ Սասունյանից, ոստիկանության համապատասխան ստորոբաժանման կողմից դեռևս արձանագրություններ չուներ։
Վկա Սյուզաննա Մովսեսյանը դատարանում հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանի կնոջն է ճանաչում, վերջինիս համերգներին, միջոցառումներին է հանդիպել, շփվել։
Մշակույթի կենտրոնում վոկալի ուսուցչուհի է եղել, աշխատել է երեխաների հետ, դասավանդել է շաբաթը 3 օր՝ երկու ժամով, Արմեն Գևորգյանի և Քնարիկ Սասունյանի հետ։
«Երգերի վրա էինք աշխատում։ Գնում էինք համերգների՝ Հունիսի 1-ին, Ոստիկանության օրը, Օպերա, տարբեր տեղեր, լինում էր, որ օրը մի քանի տեղ նկարահանումների էինք գնում, ոստիկանության մեքենան գալիս էր, մեզ տանում էր երեխաների հետ այդ ամենն իրականանցնելու»,-ասաց Մովսեսյանը։
Հանրային մեղադրողի հարցին, թե Մշակույթի տան կազմակերպչական գործողություններն ո՞ւմ հետ էր համաձայնացված եղել, ո՞վ է զբաղվել այդ հարցերով, վկան պատասխանեց՝ իրեն այդ ամեն ինչի մասին ասել է Արմեն Գևորգյանն ու իր կինը՝ Քնարիկը։
– Ի՞նչ հանգամանքներում եք շփվել Վլադիմիր Գասպարյանի կնոջ հետ։
– Միջոցառումների ժամանակ եմ տեսել, գնում էի դասի Քնարիկենց հետ, այնտեղ նստած էին լինում, և մեկ էլ Անգելինա Գասպարյանի համար երգ էի գրել, Արմեն Գևորգյանն էր խնդրել, ներկայացման օրը այնտեղ եմ ավելի շատ ծանոթացել, իմ մասին ներկայացրել են, նկարահանել են և այլն։
– Վլադիմիր Գասպարյանի կինը ոստիկանության Մշակույթի տան կազմակերպչական հարցերով երբևէ Ձեզ հետ առնչվե՞լ է, ինչ-որ հրահանգներ տվե՞լ է։
– Չէ՛, մենակ Քնարիկն ու Արմեն Գևորգյանը։
– Տեղյակ եղե՞լ եք՝ վերջինս ոստիկանությունում աշխատել է, թե՞ ոչ։
– Տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչ է եղել, բայց տեսել եմ այնտեղ։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հարց ուղղեց՝ ասելով, թե կարո՞ղ է նկարագրել միջոցառումների ժամանակ Սուսաննա Գասպարյանն ի՞նչ դերակատարություն ուներ, ի՞նչ էր անում այնտեղ, Արմեն Գևորգյանի հետ շփման մեջ տեսե՞լ է, թե՞ ոչ։
Վկան պատասխանեց, որ Գասպարյանի կնոջը Քնարիկի հետ է ավելի շատ տեսել։ Դասերը ժամը 5-ին էին սկսվում, պարապում էր ու դուրս էր գալիս այնտեղից։ Ամեն անգամ չի տեսել, բայց ժամանակ առ ժամանակ տեսել է․ «Ես շաբաթը 3 օր դասի եմ գնացել, բայց երբ համերգ էր լինում այդ շենքում, մենք այդ շենքում էինք անում, բայց հիմնականում լինում էր Օպերայում կամ մեքենան գալիս, տանում էր քաղաքին կպած ինչ-որ տեղ։ Եղել է նույնիսկ մեզ հետ Ագապին՝ քարտուղարուհին»։
Դատավորի հարցին, թե դասավանդման ծրագրերը, ուսուցանվող առարկաներն ում հետ է համաձայնեցրել, վկան ասաց՝ Արմեն Գևորգյանի հետ։ Նա նշեց, որ Գասպարյանի կնոջը բացի կազմակերպված միջոցառումներից, տեսել է նաև կենտրոնի ներքևի դահլիճում, աշխատանքային օրերին։
Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը Մովսեսյանին ասաց․
– Իմ հարցադրումների ժամանակ ասացիք՝ շփվել եք այն ժամանակ, երբ Անգելինա Գասպարյանին երգ էիք նվիրել, համերգների, միջոցառումների ժամանակ ևս, իսկ հետո պարոն Ալեքսանյանի և դատարանի հարցերին պատասխանելիս ասացիք՝ նաև այլ ժամանակներ եմ շփվել, մասնավորապես շաբաթական 3 օր, երբ 2 ժամով դաս էիք ունեցել, սկզբից ասացիք՝ որոշ դեպքերում եմ տեսել, այնուհետև պարոն Ալեքսանյանը հարց տվեց՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Դուք մշտապես տեսել եք, ասացիք՝ այո։ Տրամաբանական տարբերություններ կան այդ 3 պատասխանների միջև, կխնդրեմ հայտնեք՝ համերգների, միջոցառումների փորձերի ժամանա՞կ էլ եք տեսել։
– Ո՛չ, ինքը երաժշտական առումներով բացարձակ ներս չի մտել սենյակ, այդ ժամանակ եղել է միայն Արմեն Գևորգյանն ու Քնարիկը։ Աշխատանքային օրերին տեսել եմ իրենց նստելու վայրում։
Էրիկ Ալեքսանյանի հարցին, թե Արմեն Գևորգյանն ու Քնարիկն ինչ մասնագիտություն ունեին, վկան ասաց՝ Գևորգյանը երաժիշտ է, Քնարիկն իր աշակերտուհին է եղել, ինքն էլ է երաժիշտ։
– Ըստ Ձեզ՝ արտառոց չի՞, որ այդ երաժշտական պրոցեսին Արմեն Գևորգյանը և Քնարիկը անմիջապես մասնակցություն ունենան, իսկ տիկին Գասպարյանը, չլինելով երաժիշտ մասնագիտությամբ, անմիջապես մասնակցություն, որպես այդպիսին, չունենա։
– Իհարկե, ես հենց ի սկզբանե, որ գնացել եմ այդտեղ աշխատելու, Արմեն Գևորգյանի միջոցով եմ գնացել, որովհետև իր նման երաժշտի հետ աշխատելն ինձ համար մեծ պատիվ էր։
Վկայի հարցաքննությունն ավարտվեց, ինչից հետո մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով․ «Համերգի նախապտրասումն այլ բան է, երգի փորձերը՝ այլ, այս աղջիկն իր դասերն է անցկացրել 2 ժամով, թողել, գնացել է։ Ոչ մեկի ֆանտազիան չէր բավականացնում, եթե նույնիսկ գիտի, որ ոստիկանապետի կինն է, հարցնի՝ ինչ է աշխատում։ Կարծում եմ՝ դուք էլ ձեր վերադասներին թույլ չեք տա նման բան հարցնել։ Հետո ես նախկին չեմ, ի՞նչ գիտեք, որ ես ապագա չեմ։ Այո՛, ես նախկին ոստիկանապետ եմ, բայց չի նշանակում, որ ես ապագա նախարար չեմ, որովհետև հիմա արդեն Ներքին գործերի նախարարություն ա դարձել»։
Նիստը հետաձգվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին։
Մարիամ Շահնազարյան