«Վերցրել են 14 հատոր, ուղարկել են ստեղ, Դուք պիտի ինչ-որ ձև ֆիլտրեք, լվացք անեք»․ Մամիկոն Ասլանյանը՝ դատախազին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում ապրիլի 15-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախահագությամբ, շարունակվեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով որպես վկա դատարանում հարցաքննվեց Արսեն Իսահակյանը, իսկ մյուս վկայի հետ կապված, որը ՀՀ-ում չի գտնվում, դատարան ոստիկանությունից գրություն էր ստացվել, ինչը կքննարկվի, հետո կորոշվի նրա ցուցմունքի հրապարակմանը հարցը։

Դատավորի հարցին, թե ներկաներից ում է ճանաչում, վկան պատասխանեց, որ Մամիկոն Ասլանյանին ճանաչում է որպես Վանաձորի քաղաքապետ, դրանից առաջ եղել է նոտար, ինքը 2010 թվականից աշխատել է որպես չափագրող։ Ճանաչում է նաև Սուրեն Աբովյանին՝ որպես քաղաքի ճարտարապետ։ Ոչ մեկի հետ բարեկամական կապի մեջ չի եղել։

«Նարեկացի փողոցի հողամասի համար ինձ դիմել են, անունը Սվետլանա, ազգանունը չեմ հիշում, ինձ  դիմել է, որ տարանջատենք, վկայականը բերել ա, հանել ենք կադաստրային քարտեզից հատված, գնացել ենք տեղում չափագրում ենք կատարել, իր ուզած չափերի տարանջատել ենք, տրամադրել ենք 3 հատակագիծ։ Հատակագծի տակ գրված է եղել, որ հողամասում առկա է հուղարկավորություն»։

Նա նշեց նաև, որ օրենքի ոչ մի շեղում չեն կատարել, գրել, տվել են։

Հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանի հարցին, թե առհասարակ ինչ աշխատանքային գործունեություն է ծավալել վկան, պատասխանեց, որ 2009 թվականից Վանաձոր քաղաքում կատարել է կադաստրային չափագրում, աշխատանքի ընթացքում նպատակային-գործառնական նշանակությունն ըստ վկայականի է ներկայացրել։

Հարցին, թե չափագրումը կատարելուց հետո իրավունքի գրանցում կատարվել է, թե ոչ, վկան պատասխանեց, որ հատակագծերը տարանջատել են 3 մասի, տվել են առաջ, որպեսզի պետական գրանցում ստանա, բայց դա մեկ անգամ մերժվել է՝ իր կողմից բացթողում թույլ տալու հետ կապված։ Թերությունն այն էր, որ հատակագծի տակ գրվածը պետք է ներկայացվեր առանձին եզրակացության տեսքով։

– Ձեր կողմից կամ Ձեր ընկերների, բարեկամների կողմից միջնորդություններ եղե՞լ են Վանաձոր համայնքի պաշտոնատար անձանց, որպեսզի այդ հողատարածքները ձեռք բերելու գործում որևէ աջակցություն ցուցաբերեն։

– Ո՛չ, դրա կարիքը չի եղել։

– Կնշե՞ք՝ այդ տարածքները հիմա օգտագործվում են, չեն օգտագործվում։

– Այդ տարածքներն ինչ վերցրեցի, քրեական գործ է, եսիմ ինչ է, այնպիսի տեղ չէր, որ ուղղակի առած օրվանից ինչ էր, որ մի հատ էլ «նավսը» մեջը։ Ցանկություն էլ չունեմ։

– Հարցաքննության ժամանակ ինչ, որ ասել եք քննիչին, նույն կե՞րպ է արձանագրվել, թե՞ ոչ, քանի որ կարդացել եք այն։

– Միտքը ճիշտ էր գրած։

Պաշտպան Արտակ Ոսկանյանը հարցրեց, թե վկան հիշում է արդյոք քննիչի հարցը Կառավարության որոշման կարգի, իրավական ակտերի կիրառման վերաբերյալ, վկան ասաց՝ ինքն ասել է, որ դա իր մասնագիտական ոլորտը չէ, ինքը միայն ըստ վկայականի տարանջատել է, տվել։

Դատախազը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով թույլ տալ հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ, իր գնահատմամբ, վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են հակասություններ, մասնավորապես՝ գերեզմանատան հետ կապված, թե գերեզմանատների, հուղարկավորությունների դիրքի և շրջակայքում բնակելի տարածքների վերաբերյալ վկան նշեց, որ այդպիսիք առկա չեն, մինչդեռ նախաքննական ցուցմունքում ասել էր, անգամ հետևություններ էր կատարել, որ այդ նորմը պահպանված չի եղել։

Պաշտպանն առարկեց՝ ասելով, որ վկան նշել է արդեն՝ մասնավոր գերեզմանատուն չկա։

«Մենք չունենք մասնավոր գերեզմաններ, մենք մասնավոր գերեզմանատան հետ կապված որևէ մեղադրանք չունենք։ Եթե տեսական հարցեր պետք է ուղղեք, մենք էլ բավական տեսական հարցեր ունենք»,-ասաց փաստաբանը։

Մեղադրյալ Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ գերեզմանատան վերաբերյալ հարցը կրկին բարձրաձայնվել էր։ Նրա խոսքով՝ Վանաձորում այս գործի քննության տիրույթում չկա որևէ հողամաս, որը կարող է համապատասխանել այն «կրիտերիաներին», որոնք կարող ենք տեսականորեն հետագայում համարվել մասնավոր կամ հանրային գերեզմանատուն։ Եթե վկայի նախաքննական փուլում հարց է տրվել, թե գերեզմանատունը ինչքան պիտի բնակելի տարածքից հեռու գտնվի, ապա դա Վանաձորի քաղաքային գերեզմանատունն է, որը որևէ կերպ «պատնեշված» չէ այդ տարածքից դուրս կատարված մասնավոր թաղումների կամ անօրինական թաղումների վրա։

Դատարանի թույլտվությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, ինչի առնչությամբ վկան հայտնեց, որ ինքը մասնավոր գերեզմանատան նորմերն է ասել, քննիչի մոտ բանավոր ձևով տարբեր հարցեր են քննարկել․ «Քննիչն ասել է, եթե նայենք որպես մասնավոր գերեզմանատուն, ասել եմ, եթե նայես մասնավորին, մասնավորի դեպքում հատուկ պայմաններ կան, ու ես իմ կարծիքներն եմ ընդամենը հայտնել, էնպես չի, որ ասել եմ օրենքով էս ձև ա․ ես չեմ էլ տիրապետում»։

Հողատարածքների վերաբերյալ հարցուպատասխանի ընթացքում մեղադրյալ Մամիկոն Ասլանյանն առարկեց՝ դատախազին ասելով, որ ինչու չի հարցնում, թե վկան տեղյակ է արդյոք, որ ապօրինի թաղում է կատարված եղել ու դրա վերաբերյալ համայնքապետարանը կազմել է վարչական ակտեր։

Նա նշեց․ «Մենք ինչքան ասում ենք չխոսենք, Դուք նորից գալիս, նույն մեխին եք խփում։ Որ ի՞նչ եք էդ հարցերը տալիս, որ, ենթադրենք, Արսենը ասեց իմ աչքաչափով 300 մետր կամ 150 մետր հեռու չի, ի՞նչ կապ ունի դա, անօրինական գերեզամանատեղեր է թաղած, ո՞վ է դրա օրինականությունը ստեղ վիճարկում։ Հասկանում եմ, որ վերցրել են 14 հատոր, թե քանի հատոր ուղարկել են ստեղ, Դուք պիտի ինչ-որ ձև ֆիլտրեք, լվացք անեք, չգիտեմ ինչ անեք»։

Դատախազն ի պատասխան մեղադրյալի՝ ասաց․ «Եթե նիստերի դահլիճում գտնվողներից որևէ մեկի համար սա լվացքատուն է, պետք է հիասթափեցնեմ, ինձ համար սա լվացքատուն չէ, ես էլ լվացք անելու հետ առհասարակ կապ չունեմ։ Մեղադրյալ Մամիկոն Ասլանյանի մոտ ինչ-որ նյարդային, ջղաձգված վարքագիծ է դրսևորվում, եթե ակնհայտ այնպիսի իրավիճակում է, որ չի կարողանում իր հույզերը կառավարել, ուստի ես կխնդրեմ դատարանին, որպեսզի ընդմիջում հայտարարվի»։

Դատավորը ներկայացրեց մուտքագրված գրությունը, որում ասվում է, թե վկա Սուսաննա Մարտիրոսյանը գտնվում է ՌԴ-ում, իսկ վերջինիս ՀՀ վերադառնալու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։

Կողմերը համաձայնությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը։

Այս գործով հաջորդ դատական նիստին պաշտպանության կողմը կներկայացնի իր միջնորդությունները։

Վկայի հարցաքննությունն ավարտվեց, նիստը հետաձգվեց։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել