Շատ աշխույժ մանկություն է ունեցել Սիփս, հետո հասկացանք, որ իր էներգիան անսպառ է, ուղարկեցինք սպորտի ու իր մնացած տարիները տվեց սպորտին։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած Սիփան Սողոմոնյանի մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է մայրը՝ Կարինե Մայրանյանը։
«Օլիմպիական պետական քոլեջում էր սովորում։ Բազմակի մեդալակիր թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Մեդալները բերում ու պահում էր, չէր սիրում ցույց տալ։ Աշխատանքից գալիս, ասում էինք՝ ցույց տուր, ուրախանանք, ասում էր՝ մամ ջան, կարևորը բերել եմ, պետք չի տեսնեք։ Մեծ սպորտում կլիներ, բայց վերջացավ ամեն ինչ պատերազմով»,-ասում է մայրը։
Մոր խոսքով՝ որդին լռակյաց է եղել, բայց երբ խոսել է, իր խոսքն արժեք է ունեցել։ Կարողացել է ճիշտ ուղղություն ցույց տալ իր ծնողներին։
«Հազար անգամ մտածում էր, մեկ անգամ խոսում էր։ Կարող էր այնպիսի ուղղություն ցույց տար ու մենք հասկանում էինք, որ չիշտ է ասում։ Մեծի նման ըմբռնում էր, հասկանում էր»,-նշում է նա։
Սիփանը նաև շատ ընկերասեր է եղել։ Մայրն ասում է, որ մեկ անգամ իրենց տեսնելու շանսը բաց է թողել, քանի որ իր ընկերներն էլ ծնողներին տեսնելու հնարավորություն չեն ունեցել։
Սիփանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին էլ հենց ընկերասիրությունն է դրդել վերադառնալ դիրքեր։
«Իր վիրավոր ընկերոջն օգնել է և իջեցրել դիրքերից, մյուս ընկերն ասել է, թե քանի իջել ես գնա, էլ մի բարձրացի դիրքեր։ Սիփանի արձագանքը եղել է՝ չէ, բա տղերքը ու նորից բարձրացել է դիրքեր»,-ասում է մայրը։
Սիփան Սողոմոնյանի ծնողներն իրենց մեջ ուժ են գտել ու նորից նոր կյանք են պարգևել։
«Մենք չէինք ապրում, մեզ ապրելու շանս էր պետք։ Արիաննան փոխել է մեր կյանքը։ Մի տեսակ, ոնց որ ջահելացրել ա ինձ։ Իրականում արդեն պետք է թոռնիկ ունենայի, բայց նորից մամա եմ դարձել։ Երբ լույսը բացվում է կանգնում ենք պատուհանի մոտ ու բարևում Սիփանին»,-ասում է տիկին Կարինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան