«Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված է տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝ կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների:
Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին.։
Իսկ մոտոցիկլով երթևեկելիս, ինչպես նաև մոպեդով կամ հեծանիվով երթևեկելի մասով երթևեկելիս լինել կոճկված սաղավարտով և չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղևորների:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123․3 հոդվածի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 10․000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը: