Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47․1 հոդվածում, որով սահմանված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելու դեպքերը, լրացում է կատարվել։
Iravaban.net-ը հայտնում է, որ այն ուժի մեջ է մտել մարտի 1-ին։
Փոփոխության համաձայն՝ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում`առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում` տեղադրված յուրաքանչյուր տեսալուսանկարահանող սարքի դեպքում` 50․000 դրամի չափով։
Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների օգտագործման և պահպանման կարգի խախտումը` առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ 50․000 դրամի չափով։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ուժի մեջ է մտել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված լրացումը, որի համաձայն՝ հասարակական կարգի պահպանման, ուսումնական և գիտական, պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, ինչպես նաև պացիենտների այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակներով բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կարող են օգտագործվել տեսալուսանկարահանող սարքեր։
Տեսալուսանկարահանող սարքերն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով։ Սահմանված է նաև, որ
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է։
- Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինեն մինչև տեսահսկման տարածք մտնելը:
- Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալները պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան:
- Եթե հայտնաբերվում է խախտում, ապա տեսանյութերը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահվում են մինչև խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի, քան վեց ամիս։
- Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված տվյալները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով։