Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2021 թվականին ստորագրված հրամանի համաձայն սահմանվել է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը։
Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանում փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտնել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Նշենք, որ այս կարգով սահմանված է նաև երեխայի հերթագրումը, ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունից սանի ազատման դեպքերը։
Այսպիսով՝ երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված տարիքային խմբին համապատասխան:
Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը մուտքագրում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր»։
Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը:
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու կամ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը՝ հաստատությունում օտար լեզվով ուսուցման առկայության դեպքում:
Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում է օգոստոսի 31-ին:
Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ հաստատություններում ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է հերթագրման միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող էլեկտրոնային համակարգով (այսուհետ՝ համակարգ), իսկ համակարգի բացակայության դեպքում՝ թղթային տարբերակով:
Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է ներքոնշյալ դեպքերում, բայց այն դեպքում, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ․ դեկտեմբերի 6-ը։ Այդ դեպքերն են․
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի երեխաներին.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի երեխաներին.
3) զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.
5) ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայողի երեխաներին.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.
8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաներին:
(10-րդ կետը խմբ. 29.11.23 N 142-Ն)
Առաջնահերթությունը սահմանում է երեխայի առավելությունը միայն ըստ համապատասխան տարեթվի ձևավորված տարիքային խմբում ընդունվելու համար, եթե հաստատությունում տարատարիք խմբեր ձևավորված չեն:
Տարատարիք խմբում ընդունելություն կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում տարիքով ավելի մեծ երեխային:
Նույն տարիքային խմբում ընդգրկված երեխաների ընդունելությունը կազմակերպվում է ըստ հերթագրման ամսաթվի առաջնահերթության:
Երեխայի հերթագրումը
Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումը իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Երեխայի հերթագրումն հաստատություն իրականացվում է երեխայի ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա:
Երեխային հաստատություն հերթագրելու համար դիմումին կից ներկայացվում են՝
1) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը.
2) երեխայի անձը հաստատող փաստաթուղթը, որի սերիան և հերթական համարը գրանցվում են կառավարման համակարգում` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները.
3) սույն կարգով սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակները մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը ներկայացվում են հաստատություն):
Սույն կարգով սահմանված առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումն իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը:
Երեխային հաստատություն ընդունելու համար հերթագրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում երեխան հաշվառվում է համակարգում կամ հերթագրման թղթային մատյանում:
Դիմումը ենթակա է մերժման սույն կարգի 16-րդ կետով ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում:
Երեխայի անձնական տվյալները հերթագրման ցանկից հանվում են, եթե՝
1) ծնողը գրավոր հրաժարվում է երեխայի հերթից,
2) հերթը հասնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծնողի կողմից տրամադրված կոնտակտային տվյալներով (կարճ հաղորդագրության և էլեկտրոնային նամակի միջոցով) հնարավոր չի լինում կապ հաստատել ծնողի հետ, որի վերաբերյալ հիմքերը պահպանվում են հաստատությունում (համակարգում) առնվազն մեկ տարի ժամկետով:
Սույն գլխի դրույթները պարտադիր չեն նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար:
Երեխայի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին.
2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի բնօրինակը և պատճենը։
3) լուսանկար՝ 3×4 չափսի՝ Կառավարման համակարգ ներբեռնելու նպատակով.
4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
5) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ տարածքային մանկավարահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն:
Սանի ազատումը հաստատությունից
Սանի ազատումը հաստատությունից կատարվում է՝
1) ծնողի դիմումի հիման վրա.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա.
3) հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի դրույթները ծնողի կողմից չպահպանելու դեպքում.
4) ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում:
Սահմանված ժամկետում չեն ներառվում երեխայի նկատմամբ հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված՝ Առողջապահության նախարարի՝ 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանով սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա հիվանդության պատճառով չհաճախած օրերը, բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր: