Ինչպես են նախադպրոցական ուսհաստատություններում ձևավորվում տարիքային խմբերը, մինչև քանի սան կարող է լինել մեկ խմբում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից 2021 թվականին ստորագրված հրամանի համաձայն սահմանվել է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանում փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտնել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Այս կարգի համաձայն էլ ձևավորվում են տարիքային խմբերը, որի համաձայն՝ նախադպրոցական  հաստատությունում խմբերը ձևավորվում են՝

1) սաների ծննդյան տարեթվի հիման վրա.

2) տարբեր տարիքի երեխաների համակազմով:

Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը:

Խումբը համարվում է տարատարիք, եթե իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր և ընդգրկված այլ տարիքի սաների թիվը կազմում է ընդհանուր թվի առնվազն 1/3-ը:

Տարիքային խմբերում սաների առավելագույն թիվ սահմանվում է՝

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)՝ 15 սան.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)՝ 20 սան.

3) կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)՝ 20 սան.

4) կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)՝ 30 սան.

5) միջին խումբ (4-5 տարեկան)՝ 30 սան.

6) ավագ խումբ (5-6 տարեկան)՝ 30 սան:

Տարատարիք խմբեր կարող են ձևավորվել հետևյալ տարիքի երեխաների ընդգրկմամբ՝

1) մինչև երկու խումբ ունեցող հաստատությունների դեպքում՝

ա. 1-3 տարեկաններ՝ առավելագույնը 20 սան.

բ. 3-6 տարեկաններ՝ առավելագույնը 30 սան.

2) երեք և ավելի խումբ ունեցող հաստատությունների դեպքում՝

ա. 1 և 2 տարեկաններ՝ առավելագույնը 20 սան.

բ. 2 և 3 տարեկաններ՝ առավելագույնը 20 սան.

գ. 3 և 4 տարեկաններ՝ առավելագույնը 25 սան.

դ. 4 և 5 տարեկաններ՝ առավելագույնը 30 սան.

ե. 5 և 6 տարեկաններ՝ առավելագույնը 30 սան.

Ոչ պետական և բնակավայրում միակը հանդիսացող համայնքային հաստատություններում կարող են ձևավորվել եռակազմ և քառակազմ տարատարիք խմբեր՝

1) եռակազմ խմբերում՝ առավելագույնը 25 սան.

2) քառակազմ խմբերում՝ առավելագույնը 20 սան:

Բնակավայրի բոլոր հաստատությունների սահմանային թվերի համալրված լինելու դեպքում տարիքային խմբերի սահմանաչափը կարող է գերազանցվել առավելագույնը 10 %-ով՝ բացառապես զինվորական ծառայության վայրը փոխած անձի երեխայի համալրման դեպքերում։

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել