Մութ, լաց, ռմբակոծություն, վախ, տագնապ, ինձ համար դա նման էր դժոխքի․ լսվում էր, թե ինչպես է թշնամին մոտենում․ Արցախի կորստի ու բռնի տեղահանման մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  Լենա Մաթևոսյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետության քաղաքամայր Ստեփանակերտից։

Նա մասնագիտությամբ դերասանուհի է, 7 տարի աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում, խաղացել է բազմաթիվ դերեր։

Լենան պատմում է, որ թատրոնի շենքը բարեկարգ վիճակում չի եղել և իր երազանքն է եղել, որ այն նորոգվի։

«Ճարտարապետական շատ գեղեցիկ կառույց էր ու ես այդ թատրոնը համարում էի Արցախի սիրտը։ Երազանքով սպասում էի, թե երբ կվերանորոգեն։ Ես Արցախում չկարողացա հրաժեշտ տալ ոչ մի բանի, նույնիսկ եղբորս գերեզմանին, բայց երեխային թողեցի մեծերի մոտ ու դուրս եկա, գնացի այդ շենքի մոտ ու նայեցի, որ ինքը որպես երազանք էլ մնաց, չվերանորոգվեց։ Ստեփանակերտում հրաժեշտ եմ տվել միայն մայր թատրոնին»,-ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ իր ու իր ամբողջ ընտանիքի կյանքը փոխվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, երբ թշնամին սանձազերծեց պատերազմը։

«Մենք կորցրեցինք 20-ամյա եղբորս, նա ժամկետային զինծառայող էր։ Զոհվեց հոկտեմբերի 21-ին և մենք ամբողջ ընտանիքով 22-ին հետ դարձանք Ստեփանակերտ։ Ընտանիքիս բաց թողեցին Տեղ գյուղից, բայց ինձ բաց չթողեցին, ասացին, որ ճանապարհը վտանգված է, միայն ծնողներին ենք թողնում։ Ես ամբողջ գիշեր մնացի Տեղ գյուղի դիրքում, այն հույսով, որ ինձ բաց կթողնեն ու մեքենա կգտնվի։ Առավոտյան դիրքեր հաց տանող մեքենայով հասա Ստեփանակերտ, որ գոնե հրաժեշտ տայի եղբորս։ Այդ ամենից հետո իմ ընտանիքի կյանքը փոխվեց, բայց մենք առանց մտածելու վերադարձանք Արցախ, որովհետև չէինք պատկերացնում, թե ոնց կարող ենք մեր գերեզմանները թողնել այնտեղ ու հետ գալ։ Ամեն անգամ մտածում էի՝ լավ, բա փոքր եղբայր ունեմ, բա ինքը, արդյո՞ք ճիշտ է մնալ Արցախում, թե՞ պետք է գնալ։ Իմ ծնողները չէին կիսում դա ինձ հետ։ Հետո ամուսինս միշտ լավ էր տրամադրված, ասում էր՝ պետք է մնանք, մենք այստեղ կիսակառույց տուն ունենք։ Նույնիսկ շրջափակման ընթացքում ինքը շարունակում էր այդ տան վրա ներդրումներ անել։ Ես ասում էի՝ զգում եմ, մենք այս տանը չենք ապրի»,-պատմեց մեր զրուցակիցը։

Արցախի ապօրինի շրջափակման շուրջ ինը ամիսները հատկապես դժվար է եղել Լենայի համար, քանի որ նա սպասում էր իր առաջնեկին։

«Ե՛վ հոգեբանական պայքար էր, և՛ ֆիզիկական։ Ամեն ամիս սպասում էինք, որ կբացեն ճանապարհը, բայց ես չէի սպասում, որ պետք է բացվի, ինձ համար արդեն պարզ էր, որ այդ ճանապարհը չի բացվելու, համենայն դեպս խաղաղ ճանապարհով չի բացվելու։ Ես միշտ ասում էի, որ մեզ այստեղից չեն թողնի դուրս գանք, հաստատ ցեղասպանություն են անելու ու ես անընդհատ պատկերացնում էի, թե ոնց են․․․ Ես միշտ ասում էի, որ Արցախում բոլորիս երազները նույն սյուժեն ունեն, որովհետև բոլորս նույն հոգեբանության մեջ էինք։ Ով պատմում էր իր երազը, գրեթե նույնն էր։ Ես հակառակ պատկերն էի սպասում, ինձ թվում էր, թե մեծ մասը չի փրկվի»,-պատմեց նա։

Լենան մեծ դժվարությամբ էր վերհիշում տեղի ունեցածը, նորից վերապրելը դժվար էր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տանն է եղել, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան խաղաղ Արցախի դեմ։

«Ամբողջ ընտանիքով նստել էինք սեղանի շուրջ՝  հաց ուտելու։ Ժամը մեկն էր, երբ սկսեց ռմբակոծությունը։ Մեր տունը գտնվում է Կրկժան կոչվող հատվածում։ Բալիկիս միանգամից փաթաթեցի վերմակի մեջ ու դուրս վազեցի տնից։ Ես էլ տուն չեմ վերադարձել։ Մեր տներն այն հատվածում էր, որ թշնամին արդեն այնտեղ էր տեղակայված ու վտանգավոր էր տուն գնալը։ Մենք մնացինք նկուղում, հետո գնացինք մեր հարազատների տուն։ Մենք մի գիշեր մնացինք եկեղեցու նկուղում։ Այդ մի գիշերն ինձ համար նման էր անդրշիրիմյան աշխարհի, ինձ մոտ տպավորություն էր, որ այդ մեկ օրը մեկ դար տևեց։ Մութ, լաց, ռմբակոծություն, վախ, տագնապ, ինձ համար դա նման էր դժոխքի։ Երբ ռմբակոծությունը դադարեց Կրկժան կոչվող այդ հատվածից լսվում էր, թե ինչպես է թշնամին մոտենում, իրենց կրակոցները մոտենում էր։ Մենք գնացինք օդանավակայան, ասացին, որ այնտեղ քիչ թե շատ ապահով կլինի։ Օդանավակայն չհասանք, որովհետև արդեն բավականին մեքենաներ կային, ռմբակոծությունը չէր դադարել։ Բաց տարածք ու երեխան գրկիս, ձեռքերս թուլացան, որովհետև ինձ թվում էր, թե հիմա մի ռումբ կընկնի ու վերջ»,-պատմեց նա։

Լենան ամուսնու ծնողների հետ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին։ Ամուսինն ու իր եղբայրը գնացել են բենզին հայթհայթելու։ Երբ բենզինի պահեստը պայթել է, ամուսնու եղբայրն այնտեղ է եղել, նա անհետ կորել է։

«Ամուսինս հետ չեկավ, երկու օր փնտրում էր եղբորը, հետո այստեղ ԴՆԹ-ն հաստատվեց։ Բազմաթիվ բարեկամներ ու ծանոթներ կորցրինք»,-նշեց նա։

Լենան ասում էր, որ մինչև Հակարիի կամուրջը հասնելն ինքն այնքան է վախեցել, որ կամուրջն անցնելիս այլևս նույնիսկ վախի զգացողություն չի ունեցել։

«Հակարին անցնելուց հետո ինձ մոտ սկսվեց էմոցիոնալ տեղատարափ։ Ես զգացի, որ ավելի շատ ցավ եմ ապրում, քան մինչև անցնելը, որովհետև հասկացա, որ էլ հետ դարձի ճանապարհ չկա, ամեն ինչ մնաց այնտեղ»,-ասում է մեր զրուցակիցը։

Ասում է՝ Արցախում մեզ ենք թողել, միայն մեր ֆիզիկական մարմինն ենք բերել։

Նա նշում է, որ այն ինչ տեղի ունեցավ Արցախում՝ կոտորած էր, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչեր են կատարվել սահմանամերձ գյուղերում։

————————

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել